Հայրիկյանը տեղյակ չէ՞ր, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետը կիրակի օրն է
Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ում շաբաթ-կիրակի օրերին նշանակվելու է հերթապահություն, քանի որ կիրակի` փետրվարի 10-ը, նախագահական ընտրություններին թեկնածուների համար առաջացած խոչընդոտների անհաղթահարելի ճանաչման գործերի քննության մասին դիմումների ընդունման վերջնաժամկետն է: Հիշեցնենք, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ կետով ասվում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ»: ՍԴ մամլո քարտուղարի փոխանցմամբ` ՍԴ-ի հերթապահությունը պայմանավորված է ոչ թե մասնավոր դեպքով` նկատի ունենալով Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքը, այլ` համապատասխան օրենքը:
Հիշեցնենք նաև, որ այսօր Պ. Հայրիկյանը հայտարարել էր, որ ՍԴ դիմելու որոշումը կհրապարակի երկուշաբթի:
168.am-ը հետաքրքրվել է Պ. Հայրիկյանից, թե տեղյա՞կ է գործող օրենքի մասին, ըստ որի` ՍԴ դիմելու վերջնաժամկետը կիրակի է, իսկ իր` երկուշաբթի սպասվելիք հայտարարությունը կամ որոշումն` անկախ ամեն ինչից, ուշացած կլինի: «Շնորհակալ եմ, որ նախազգուշացրեցիք: Ինձ մյուս գծի մեջ մարդ է սպասում, եթե հանձնենք, ուրեմն` կհանձնենք կիրակի օրը: Կներեք, գծի վրա մարդ կա»,- ասաց Պ. Հայրիկյանը: