Վարչապետը ծանոթացավ գերմաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան» ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին:
1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի արտադրության տեխնոլոգիայի ներդրման վրա:
2013 թվականին գործարանը նախատեսում է վերամշակել 6 հազար 500 տոննա մոլիբդենի խտանյութ, արտադրել 3 հազար 200 տոննա ֆերոմոլիբդեն և 750 տոննա մոլիբդեն մետաղ:
Ընկերության ղեկավարները ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ 2013-2014 թվականներին ներդրումային նոր ծրագրերով նախատեսում են ավելացնել գործարանի արտադրական հզորությունները՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:
Գործարանի արտադրանքը 100 տոկոսով արտահանվում է: Ներկայում գործարանն ունի 600 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ:
Գործարանը, որը ստեղծվել է 1970 թվականին Երևանում, նախկինում զբաղվել է մետաղական թափոնների վերամշակմամբ: Խորհրդային տարիներին վերջինիս աշխատակիցների թիվը չի գերազանցել 300-ը:
1995 թվականին գործարանը սեփականաշնորհվել է: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հենց այս գգործարանում է ներդրվել մոլիբդենի խտանյութի վերամշակման և ֆերոմոլիբդենի արտադրության տեխնոլոգիաներ՝ 1996-ին:

Տեսանյութեր

Լրահոս