Հովիկ Աբրահամյանն Արամ Հարությունյանին ավտոմեքենա չի՞ նվիրել
168.am-ը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ են ճիշտ մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իրեն ավտոմեքենա է նվիրել: «Ի՞նչ է նշանակում՝ նվիրել, ես իմ մեքենան որ առնում եմ, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը պետք է ինձ մեքենա նվիրի՞: Դա ստորություն ա: Ասելու բան էլ չունեմ: Նույնն էլ կարող են ձեզ մեղադրել, որ դուք ավտոմեքենա կամ տուն ունենաք, ասեն` Հովիկ Աբրահամյանն է նվիրել»,- ասել է Ա. Հարությունյանը: Նա ասել է, որ ինքն ունի ընդամենը մեկ ավտոմեքենա, որը գնել է 10 տարի առաջ, այն էլ` ապառիկով: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ԱԺ նախագահի հետ կապում իր անունը, Ա. Հարությունյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ինչու են կապում: Երևի, քանի որ մենք նույն մարզում ենք ապրել, դա է պատճառը: Գիտե՞ք` ի՞նչն է պրոբլեմը, իշխանության վերին օղակներում բավականին լուրջ կոնֆլիկտներ կան, և քանի որ ես էլ բավականին ընդդիմադիր եմ, իշխանությունների այդ թևերն իրար հետ կռվում են, որևէ մեկին վատություն անելու համար՝ ուզում են կապեն ինձ հետ: Երևի շտաբի պետի տեղակալները կամ տեղակալը Հովիկ Աբրահամյանի հետ խնդիրներ ունեն, և էդ կանալով աշխատում են»:
Հարցին, թե ինչպիսի՞ն են Արամ Հարությունյանի և Հովիկ Աբրահամյանի փոխհարաբերությունները, նախագահի թեկնածուն պատասխանել է. «Սովորական, նորմալ: Նորմալ ասելով՝ նկատի ունեմ, որ հազար տարին մեկ կարող է պատահաբար հանդիպենք, ուրիշ որևէ հարաբերություն մենք չունենք»: