Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողները պլաստիկ վիրահատությա՞ն են ենթարկվել
Եվ այսպես, քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իր կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Պարույր Հայրիկյանը նույնպես մինչ այդ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վերջին զարգացումներին. «Յունվարի 31-ի հանցագօրծութեան՝ մահափորձի վերաբերեալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախօս թափթփուկների համար։
Շատ բան ասել չեմ կարող․ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՍԿՍՈՒԱԾ Է։ Կարծում եմ Պաշտօնական տեղեկատվութեուն էլ կլինի։ 29սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել, եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել, որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։ Լավ լինենք»,- գրել էր Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ հրազենային հարձակումը տեղի էր ունեցել Երևանի Տպագրիչների փողոցում գտնվող իր բնակարանի մոտակայքում: Դեպքից որոշ ժամանակ անց Պ. Հայրիկյանը հայտարարել էր, որ սկսում է հիշել իր վրա կրակողի դեմքը և կարծում է, որ նա հայ չի եղել, հայկական դիմագծեր չի ունեցել։ «Ինձ համար շատ մտահոգիչ է, որ այդ այլանդակը չէր խոսում, ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ էն պահին, երբ որ ինքը ճգնում էր, որ ես դադարեցնեի էդ շարժումները, գոնե մի բառ կասեր` «արա» կամ մի բան: Ոչ մի բառ: Ես ենթադրում եմ, որ դա հայ չէր, աստիճանաբար դեմքը ուրվագծվում է, և հայկական դիմագծեր չէին», – հայտարարեց Պ. Հայրիկյանը։ Վերջինս «ռուսական իմպերիալիստական ուժերին» է կասկածում իր մահափորձը կազմակերպելու մեջ և համոզված է, որ իրեն սպանելու նպատակ են ունեցել: Ավելին, Հայրիկյանը նաև հայտարարել էր, որ իր դեմ կատարվածն ուղղված է եղել ողջ հայ ժողովրդի «ինքնորոշման իրավունքի դեմ»:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության հետ նաև տարածվել էր երկու կասկածյալների լուսանկարները, որոնք ակնհայտ կովկասյան դիմագծեր ունեն: Հարցեր են առաջանում՝ Պարույր Հայրիկյանը վատ հիշողություն և տեսողությո՞ւն ունի, շտապե՞լ է իր հայտարարությունների մեջ, ԱԱԾ-ն սխալ մարդկա՞նց է ձերբակալել, թե՞ այս ընթացքում «կատարողները» պլաստիկ վիրահատության են ենթարկվել:
Արմինե Վարդանյան