
ԿԸՀ-ն Անդրիաս Ղուկասյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:
Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության Նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով