
Ուղեծիր է արձակվել Ադրբեջանի առաջին արբանյակը

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանը տիեզերք է արձակել իր առաջին հեռահաղորդակցային Azerspace/Africasat-1a արբանյակը: Վերջինս արձակվել է ֆրանսիական Arianespac ընկերության Ariane 5 ECA հրթիռակրի օգնությամբ:
Ֆրանսիական Գվիանայից (Հարավային Ամերիկա) արբանյակի արձակումը համընկել է Բաքվի ժամանակով ժամը 01.37-ին: Բացի ադրբեջանական արբանյակից, Ariane 5 ECA հրթիռակիրն ուղեծիր է դուրս բերել նաև իրանական Amazonas-3 կապի արբանյակը:
Ադրբեջանական արբանյակի քաշը կազմում է 3275 կիլոգրամ, իսկ ուղեծրում շահագործման ժամկետը՝ մինչև 15 տարի: Արբանյակի սպասարկման գոտում են գտնվում Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Azerspace/Africasat-1a արբանյակն արտադրել է ամերիկյան Orbital Sciences Corporation ընկերությունը:
Արբանյակը նախատեսված է թվային հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների, ինտերնետային ցանցին մուտք գործելու հնարավորություն ունենալու, տվյալների փոխանցման, VSAT-ի ցանցերի ստեղծման, ինչպես նաև կառավարական կապի ապահովման համար:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Հայաստանի և Սփյուռքի մի շարք շրջանակներ մտավախություն էին հայտնել, որ Ադրբեջանը կարող է կապի սեփական արբանյակն օգտագործել նաև հետախուզական նպատակներով և դրանով իսկ առավելություն ձեռք բերել:
Ի դեպ, Ադրբեջանը պլանավորել է իր երկրորդ հեռահաղորդակցային արբանյակն ուղեծիր արձակել 2016 թվականին: