
Իրակլի Օկրուաշվիլին ամբողջովին արդարացվել է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի վրայից հանել է վերջին՝ չորրորդ, մեղադրանքը: Այն վերաբերում է ծառայողական անփութությանը: Համապատասխան միջնորդությամբ դատախազությունն այսօր դիմել է դատարանին:
Դատախազության տվյալներով՝ Օկրուաշվիլիի գործի հետաքննման ժամանակ ըստ էության չի հաստատվել այդ մեղադրանքը: Վկաները հաստատել են, որ Օկրուաշվիլիի պաշտոնավարման ժամանակ գնված 63 միլիոն մարտական փամփուշտներից 500.000-ը եղել են անորակ, ինչի կապակցությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ:
Դատախազությունն ընդգծել է, որ Վրաստան հասցված մարտական փամփուշտների երեք խմբաքանակներում անորակ է եղել միայն երրորդ խմբաքանակը, սակայն այդ ժամանակ Պաշտպանության նախարարը ոչ թե Օկրուաշվիլին էր, այլ՝ Դավիթ Կեզերաշվիլին:
Դատական գործընթացի ավարտից հետո Օկրուաշվիլին հայտարարել է, որ կարող է վերադառնալ քաղաքականություն: