Հրանտ Վարդանյանը չի ցանկանում գնել «Սիգարոնը»
ՀՀ-ում ծխախոտի խոշորագույն արտադրողներ Գրանտ Տոբակո և Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ ընկերություններն ընդգրկող Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը, անդրադառնալով իրեն մրցակից «Սիգարոն» ընկերության ֆինանսական դժվարություններին, ասել է, որ այդ ընկերության ղեկավարությունը բազմիցս դիմել է իրեն՝ այն գնելու առաջարկով: «Սակայն ես հետաքրքրված չեմ այդ ընկերությամբ: Որքան տեղյակ եմ, այժմ նրանք գտել են ներդրող և շարունակելու են արտադրանք տալ»,- ըստ Մեդիամաքսի՝ ասել է Հրանտ Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը մթերել է 21,2 հազ. տոննա ծխախոտի հումք, իսկ իր ձեռնարկությունների գործունեության արդյունքում գյուղական համայնքներում ծխախոտագործությամբ զբաղվողների թիվը հասել է մոտ 20 հազարի:
Հրանտ Վարդանյանն ասել է նաև, որ Գրանդ Հոլդինգը Տավուշում և Արցախում այս տարվանից սկսելու է աճեցնել հացահատիկ (ծխախոտի հետ ռոտացիայով), որը ծխախոտի համար փորձարկված և ամենաարդյունավետ ռոտացիոն մշակաբույսն է, ինչը, ըստ գործարարի, 3 տարում թույլ կտա Տավուշում և Արցախում աճեցնել միջազգային չափանիշներից փոքր-ինչ բարձր որակի ցորեն:
Ըստ գործարարի, շուրջ 3 անգամ աճել են նաև Գրանդ Քենդիի արտահանման ծավալները` 2012-ին կազմելով $2 մլն (642,8 հազ. կգ հրուշակեղեն): Ընկերության արտադրանքը Հայաստանից բացի սպառվում է 12 երկրում: