
Օջալանը դարձյալ «անհասանելի» է դարձել իր փաստաբանների համար

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուրսայի դատախազը մերժել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբաններին, որոնք ցանկանում էին տեսակցել Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող Օջալանի հետ:
Օջալանի փաստաբաններ Ռեզան Սարիջան, Ջենգիզ Յուրեքլին ու Մազլում Դինչն իրենց դիմումը ներկայացրել էին իշխանություններին՝ համաձայն հաստատված կանոնակարգի՝ յուրաքանչյուր երեքշաբթի և յուրաքանչյուր հինգշաբթի: Սակայն փետրվարի 5-ին թուրքական իշխանությունները նրանց հայտնել են, որ Իմրալը կղզի տանող նավը, իբրև թե, դուրս է եկել շարքից, հետևաբար դադարեցվել է բանտի հետ կապը:
Թուրքական իշխանությունները վաղուց են օգտագործում նավի անսարքության ու վատ եղանակային պայմանների գործոնը՝ Օջալանի փաստաբաններին մերժելու համար:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, թե Աբդուլլահ Օջալանն ինքնաթիռով գաղտնի կերպ տարվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, ուր և խորհրդակցություն է անցկացել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
Միևնույն ժամանակ հաղորդվում էր, թե Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, որին վերագրում են քրդական ծագում, այս շաբաթ պետք է մեկներ Էրբիլ և անձամբ բանակցեր PKK-ի ղեկավարների հետ: