
TANAP գազատարի հողափորման աշխատանքները կմեկնարկեն այս տարի. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման մասին համաձայնագիրը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերով՝ ակնկալվում է, որ այս տարի կսկսվեն այդ նախագծի շրջանակներում հողափորման աշխատանքները: Այս խողովակաշարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որոնցից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված կլինի Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:
Խողովակաշարն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում արդյունահանվելիք գազը կհասցնի մինչև ԵՄ-ի (թուրք-բուլղարական) սահման, որտեղից էլ այն կշարունակի իր ուղին կա՛մ Nabucco West գազատարով, կա՛մ TAP (Անդրադրիատիկ) գազատարով: «Շահ Դենիզ» կոնսորցիումն այս երկու երթուղիների հարցում իր վերջնական ընտրությունը կատարելու է այս տարի: