
Ադրբեջանը հուսով է մինչև տարեվերջ հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև այցագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է մարտի 11-12-ին, Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Վերջինիս խոսքերով՝ բանակցությունները վատ չեն ընթանում, և ադրբեջանական կողմը մտադիր է այդ բանակցություններն ավարտել մինչև այս տարեվերջ: Այցագրային ռեժիմի դյուրացման դեպքում կնվազեցվի այցագրի ստացման համար հայտի ներկայացման ժամանակ պահանջվող փաստաթղթերի քանակը, կհատկացվեն մեծ ժամկետով այցագրեր, հատուկ կատեգորիայի մարդկանց համար կնվազեցվի այցագրի արժեքը և այլն: