Բաժիններ՝

«Կարֆուրը», հնարավոր է, Հայաստանում այլ տարածքում բացվի

Դեռևս 2012թ. սեպտեմբերից սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ հիպերմարկետների «Կարֆուր» (Carrefour ) ֆրանսիական աշխարհահռչակ ցանցն առևտրական կենտրոն է բացելու Հայաստանում, մասնավորապես` «Դալմա Մոլում»: Նաև նշվում էր, որ այդ հիպերմարկետը «Դալմա Մոլի» տարածքում պետք է զբաղեցնի  10 հազար քառակուսի մետր տարածք:

Առհասարակ, «Կարֆուրը»՝ որպես հիպերմարկետ և ապրանքանիշ, իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում, որը տարբեր երկրների խոշոր քաղաքներում ունի ավելի քան 15.000 խանութ:  «Կարֆուրի» ներկայությունը որևէ երկրում մրցակցություն է ձևավորում շուկայում՝ թե՛ սպասարկման, թե՛ ապրանքատեսակի որակի, թե՛ գնային քաղաքականության առումով, քանի որ այդ հիպերմարկետներում վաճառվող ապրանքատեսակները ներկրվում են հենց ֆիրմայի կողմից, ապրանքատեսակներն ավելի էժան են, քան այլ հիպերմարկետներում:

Դեռևս երկու շաբաթ առաջ «Կարֆուրի» ներկայացուցիչները կրկին Հայաստան էին այցելել՝ այստեղ գործունեություն իրականացնելու հեռանկարները, հնարավորությունները վերջնականապես հստակեցնելու նպատակով: Այսօր 168.am-ի թղթակցին «Դալմա Մոլից» տեղեկացրեցին, որ այս առևտրի կենտրոնում «Կարֆուրը» չի տեղակայվելու: Ըստ նույն աղբյուրի՝ «Դալմա Մոլում» կգործի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի առևտրի կենտրոններից մեկը: Հիշեցնենք, որ «Երևան Սիթին» պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ «Կարֆուրը» մտադիր էր առևտրական կենտրոն բացել Երևանում թվով չորս առևտրի կենտրոններում՝ մայրաքաղաքի տարբեր ծայրերում: Նրանք, սակայն, հետաքրքրված էին գործունեությունը սկսել հենց «Դալմա Մոլից»:

Ընկերությունն, ի դեպ, մուտք է գործել նաև Վրաստան: Այն տեղակայված է Tbilisi Mall-ում՝ 9000 քմ տարածքում: Ըստ Reuters-ի՝ կատարվել է 15մլն դոլարի ներդրում: Առաջիկայում ևս երեք հիպերմարկետ կբացվի: «Կարֆուր» ապրանքանիշն արդեն գործում է նաև Ղազախստանում  և Ադրբեջանում, Իրաքում:  Իհարկե, նաև որոշ երկրներում փակվել են ընկերության հիպերմարկետները՝ Ռուսաստանում, Հունաստանում և Սինգապուրում: Հունաստանում ընկերությունը գործում էր դեռևս 1991 թվականից, սակայն 2012թ. խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ լքել է երկիրը՝ բնակչության գնողունակության անկման և ստեղծված ծանր քաղաքական-տնտեսական իրադրության պատճառով: Սինգապուրում փակվել են, քանի որ շուկայում սահմանափակ հնարավորությունների պատճառով հնարավոր չի եղել առաջատար դիրքեր զբաղեցնել:

Հայաստանի շուկան, ըստ մեր աղբյուրների, «Կարֆուրն» ուսումնասիրում է մոտ երկու տարի: Ընկերությունը դեռևս չի հրաժարվել Հայաստանում գործունեություն ծավալելու մտքից: Նույնիսկ նշվում է, որ հնարավոր է՝ այն տեղակայվի Արշակունյաց պողոտայի վրա կառուցվող մի մոլում:

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս