Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվողը մենակ չի եղել, նա օգնականով է գործել. փաստաբան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մոր՝ Անահիտ Իսկանդարյանի փաստաբանները հասնելու են նրան, որ ապացուցեն, թե իրականում ով է կատարել հանցագործությունը: Հիմա նրանք վստահ են, որ դատարանում ամբաստանյալի աթոռին հայտնված Հարություն Սարգսյանի նկատմամբ կան քրեական գործով ապացուցված մի շարք փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ մեղսագրվող արարքը կատարել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին և որ ինքը մենակ չի եղել և օգնող է ունեցել:

«Օգնող է ունեցել: Գործի ուսումնասիրությունն է թույլ տվել, որ ես գամ նման եզրահանգման, և փորձելու ենք հասնել նրան, որպեսզի կարողանանք բացահայտել… մեր հարցադրումներով, քանի որ նախաքննության ժամանակ վկաներին հնարավորություն չենք ունեցել մենք հարցաքննելու, փորձելու ենք հասնել նրան, որ կարողանանք ապացուցել, որ նա միանշանակ օգնող է ունեցել»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է սպանված Կարեն Եսայանի մոր՝ Անահիտ Իսկանդարյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Շատ հետաքրքիր բացահայտումներ կսպասվեն, եթե դուք գործի դատաքննությանը մասնակցեք: Եղել են այնպիսի մարդիկ, ովքեր անմիջական մտերիմ մարդիկ են, Հարություն Սարգսյանին, նայելով այդ տեսախցիկներից, անգամ նրա քայլվածքից են կարողացել ճանաչել: Չէ՞ որ այդ անձիք պետք է գան և հարցաքննվեն, և վերջ-առաջ դռնբաց դատական նիստ է, պետք է էստեղ այդ տեսաձայնագրությունները դիտվեն»:

Ինչ մնում է ամբաստանյալ կողմի փաստաբանների միջնորդությանը՝ կալանքից ազատ արձակման վերաբերյալ, տուժող կողմի փաստաբանը համարել է անընդունելի:

«Միջնորդությունը վերաբերում էր ընդամենը խափանման միջոցը փոխելուն, և նախադեպային որոշումներն էլ դրան էին վերաբերում: Տվյալ պարագայում գտնում եմ, որ այդ նախադեպերը, իհարկե, կիրառելի են, սակայն ոչ այս պարագայում: Չմոռանանք, որ սա սպանություն է, այն էլ այնպիսի դաժան սպանության մասին է խոսքը: Այս պարագայում ավելի շատ է բարձրացվում ռիսկը, որ եթե դատարանը հիմնավորի, որ նրա կողմից է կատարվել հանցագործությունը, ամբաստանյալը կարող է և դիմել փախուստի: Այս փուլում անթույլատրելի է, և նրա ազատ արձակումը միանշանակորեն կխոչընդոտի քննությանը»:

Տեսանյութեր

Լրահոս