ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին
Եթե Վճռաբեկ դատարանը՝ կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած հրամանը, ուժի մեջ թողնի Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի՝ համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը, ապա Հայաստանում կլինի 4 քաղբանտարկյալ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունների ժամին այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, ազատազրկման մեջ գտնվող և մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը 3 ակտիվիստներն, «ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում, են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք»:
Լ.Զուրաբյանն ընդգծեց, որ հարցն արդեն բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոիր կազմակերպություն, ինչպիսին է «Human Rights Watch»-ը: ՀԱԿ ակտիվիստների անուններն, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, արդեն հնչում են ԵԽԽՎ լիագումար նիստերում որպես ապացույց, որ Հայաստանը խախտում է մարդու իրավունքներն ու քաղբանտարկյալներ ունի: ՀԱԿ երիկտասարդ ակտիվիստների ազատությունը պահանջում են նաև բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում:
«Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանին պահելով բանտում, դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում և ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախդիր և ողորմելի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համաձակ ակտիվիստներից: Հանուն այդ քինախնդրության դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի միջազգային վարկը և դիրքերը միջազգային կարևորագույն կառույցներում: Սթափվե՛ք, ազատե՛ք տղաներին այս բռնաճնշումներից և վերջ դրեք պատանդների առևտրի այս խայտառակ քաղաքականությանը»,- կոչ արեց Լ.Զուրաբյանը: