Ծառուկյանը՝ հալածյա՞լ, թե՞ արտոնյալ
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար և հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանին ընդունված է հալածյալ համարել: Նա հալածյալ է այն իմաստով, որ ցանկանում էր նախագահի թեկնածու առաջադրվել, մասնակցել նախագահական ընտրություններին, բայց իշխանություններն ինչ-ինչ գաղտնի լծակների գործադրմամբ, հնարավոր է` ահաբեկման միջոցով, կարողացան հասնել նրան, որ Ծառուկյանը հրաժարվի մասնակցել նախագահական ընտրություններին: Բայց արդյո՞ք Ծառուկյանն իշխանության կողմից հալածյալ է, թե՞ շարունակում է վայելել իշխանության բարձր հովանավորությունը: Այս հարցին պատասխանելու համար բերենք ընդամենը մեկ օրինակ:
2011թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց, որ բոլոր գազալցակայաններում պետք է տեղադրվեն բաշխիչ աշտարակներ: Սա արվում էր սպառողների իրավունքները պաշտպանելու համար, քանի որ բաշխիչ աշտարակները հստակ ցույց են տալիս, թե որքա՞ն գազով է լիցքավորվել մեքենան, ի՞նչ արժեքով, ի՞նչ ջերմաստիճանում: Չնայած, հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ սպառողին կարելի է խաբել նաև բաշխիչ աշտարակների գործադրմամբ:
Հայտնի է, որ Հայաստանում գազալցակայանի տերերը շարքային մահկանացուներ չեն, այլ համատեղության կարգով՝ պատգամավորներ են, մարզպետներ, գեներալներ և նման արտոնյալ ինդիվիդումներ, որոնց վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը տարածելը բավական բարդ գործ է: Չնայած որոշվել էր, որ գազալցակայաններում բաշխիչ աշտարակները պետք է տեղադրվեն մինչև 2012թ. սկիզբը, բայց բավական մեծ դիմադրության պայմաններում հնարավոր եղավ հասնել նրան, որ 2012թ. ավարտին հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում տեղադրվեցին բաշխիչ աշտարակներ:
Ինչո՞ւ ենք ասում՝ գրեթե, քանի որ քաղաքական հալածյալ և իշխանությունների ոխերիմ մրցակից Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում դրանք տեղադրված չեն ցայսօր: Գուցե իշխանությունները դրա մասին չգիտեն, այլապես նրան կխնդրեին, որպեսզի նա էլ հարգեր տարրական օրենքը, որը ստիպված են հարգել բազում իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած գազալցակայանատեր գեներալները, ազգի ընտրյալ պատգամավորները կամ Սահմանադրությամբ մարզերում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնող մարզպետները:
Հնարավոր է, որ չեն խնդրել՝ նկատի ունենալով այն հսկայական բարեգործական ծրագրերը, որ իրականացնում է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանում, որը չեն անում մյուս արտոնյալ երևելիները:
Չի բացառվում նաև, որ իշխանությունները սա հատուկ են արել, որպեսզի բոլորը տեսնեն ու հասկանան, որ Ծառուկյանն արտոնյալ է, որ նա դուրս է բոլոր մահկանացուների և նույնիսկ՝ արտոնյալների համար գործող օրենքների և հասկացությունների դաշտից՝ դրանով ստվեր գցելով նրա քաղաքական կերպարի վրա: