«Եթե Հայրիկյանը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ մարդու խելքը տեղն է»

«Ես չեմ կարծում, թե Պարույր Հայրիկյանի վրա կարող էին ճնշում գործադրել, այլ հարց է, թե Հայրիկյանն ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, ինչքանո՞վ է նպատակահարմար գտնում իրացնել իր իրավունքը: Եթե Հայրիկյանը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ մարդու խելքը տեղն է, գիտակցում է իր գործողությունները, և  չկա որևէ հիմք՝ մտածելու, որ կա՛մ ճնշված վիճակում է նման որոշում կայացրել, կա՛մ էլ ադեկվատ չի գնահատում իր գործողություննները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նշենք, որ փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ հունվարի 31-ին հրազենային հարձակում էր տեղի ունեցել, հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան՝ նախագահի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Այս հայտարարություններից անմիջապես հետո եղան մեկնաբանություններ, թե Պարույր Հայրիկյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ կամ վախեցել է:

Արթուր Սաքունցին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք խախտվո՞ւմ է Պարույր Հայրիկյանի իրավունքը, եթե ընտրությունները հետաձգելու պահանջով նա չի դիմում ՍԴ: Արթուր Սաքունցը շեշտեց՝ միայն Պարույր Հայրիկյանն իրավունք ունի որոշելու՝ անհաղթահարելի խոչընդոտ կա՞, թե՞ ոչ, և  եթե թեկնածուն նման որոշում  է կայացրել, որևէ օրենք չի խախտում:

Նրա կարծիքով՝ Հայրիկյանի որոշումը քաղաքական ուժերը փորձում են շահարկել՝ իրենց շահերից ելնելով: «Յուրաքանչյուր  քաղաքական ուժ, իր շահերից ելնելով, իր նպատակներին հարմարեցնելու համար՝ գնահատական է տալիս: Բայց, կներեք, թող բարի լինեին իրենք իրենց նպատակների համար իրենց  ռեսուրսներն օգտագործեն, ոչ թե Հայրիկյանի մահափորձը: Ես դա անբարոյականություն եմ համարում»,- նշեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցին զայրացրել է այն մոտեցումը, որ բոլորն արդեն մոռացել են մահափորձի, դրա պատճառների  և նպատակների մասին, և հիմա հարցը տեղափոխում են այն հարթություն, թե ինչո՞ւ Հայրիկյանը չի դիմել ՍԴ:

Տեսանյութեր

Լրահոս