
«Դուք կընդառաջեի՞ք ձեզ վրա կրակել հրամայած ուժին». Արծրուն Պեպանյան

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը կարծում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում նկատմամբ հունվարի 31-ին մահափորձ էր կատարվել, հասարակական շահի տեսանկյունից ճիշտ որոշում կայացրեց՝ հրաժարվելով ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից:
«Ո՞րը կարող էր լինել մահափորձը ծրագրած ուժի նպատակը՝ խառնաշփոթ ստեղծել Հայաստանում, հասնել ընտրությունների հետաձգմանը կամ նոր ընտրությունների անցկացմանը: Եվ ընտրությունները հետաձգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելը կնշանակեր՝ նպաստել իրեն մահափորձի ենթարկած ուժի ծրագրի կատարմանը: Դուք կընդառաջեի՞ք ձեզ վրա կրակել հրամայած ուժին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Պեպանյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ՍԴ չդիմելու Պարույր Հայրիկյանի որոշումը օրենսդրության առումով ևս որևէ խնդիր չի առաջացնում: «Եթե մարդը չի գտնում, որ իր համար անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծվել ընտրարշավի ժամանակ, այդ դեպքում օրենսդրորեն արդարացված լինելու հարցադրումը հանվում է օրակարգից. մի՞թե օրենքը պիտի համոզեր նրան, որ ինքն ունի չհաղթահարված խոչընդոտ»,- նշեց «Վերելք» հիմնադրամի նախագահը: