Նախագահի թեկնածուներից ո՞ւմ է ձեռնտու ընտրությունների հետաձգումը

Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը որոշակի նոր զարգացումներ առաջացրեց նախընտրական գործընթացներում։

Երկուշաբթի օրը սպասվում էր, որ Պարույր Հայրիկյանը կպատասխանի հարցին, թե արդյոք օգտվելո՞ւ է օրենքով իրեն տրված հնարավորությունից՝ դիմելու Սահմանադրական դատարան (համաձայն ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, այն է՝ «Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով»)։

Սակայն երեկ Հայրիկյանը հայտարարեց, որ չնայած նախորդ օրը երեկոյան հստակ որոշել էր, որ Սահմանադրական դատարան չի դիմելու, բայց պարզվեց, որ կան խնդիրներ, որոնց մասին պետք է մտածել։ «Գործընկեր մյուս թեկնածուներից ինձ ասում են, որ իրենք էլ իրավունք ունեն դիմելու նույն հարցով, և, որ, եթե ես չդիմեմ ՍԴ՝ իրենք կդիմեն»,- երեկ «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Հայրիկյանը։

Մենք փորձեցինք պարզել, թե մյուս թեկնածուներից ո՞վ է կողմ ընտրությունների հետաձգմանը։ Օրինակ՝ նախագահի թեկնածուներից Արման Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անտարբեր է այդ հարցի նկատմամբ. «Դա պարոն Հայրիկյանի որոշելիքն է, ինչպես կուզի՝ թող այդպես էլ վարվի»։

Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է նո°ր ընտրությունների անցկացմանը, քանի որ խոչընդոտները, օրինակ՝ «գաղտնալսումները», «փողերի լվացման մեղադրանքները» և այլն, եղել են մինչ թեկնածուների առաջադրումները։ «Այդ ամենը, կոպիտ ասած, նպաստեց, որ առաջադրումներ երեք ուժերի կողմից չլինեն։ Մյուսը՝ համենայն դեպս, մահափորձի հետ կապված, երևում է, որ թեկնածուներն ապահովագրված չեն, որպեսզի Հայրիկյանի կարգավիճակում չհայտնվեն, այսինքն՝ ո՞վ ասաց, որ մահափորձը չի կրկնվի»,- ասաց նա։ Իսկ մեր հարցին, թե արդյոք ընտրությունները հետաձգելու մասին խոսե՞լ է Հայրիկյանի հետ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես Հայրիկյանի հետ չեմ ունեցել նման խոսակցություն։ Չէ, ճիշտը ՍԴ դիմելն է, գոնե մինչև բացահայտվելը պետք է հետաձգվի, որովհետև եթե չի բացահայտվում, իսկ մենք ի՞նչ գիտենք, որ նորից չի լինի, կարող է՝ հերթով որոշեն թեկնածուներին խփել»։

Ընտրությունների հետաձգմանը կողմ է արտահայտվում նաև այժմ հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը։ «Դրանից կշահի շարժումը։ Դուք նայում եք զուտ առողջական տեսանկյունից, իսկ ես նայում եմ պայքարի տեսանկյունից ու վստահ եմ, որ դրանով շարժումը շահում է»,- մեզ հետ զրույցում ասել է Ղուկասյանը։

Այս առումով հետաքրքիր էր իմանալ նաև հիմնական թեկնածուներից Հրանտ Բագրատյանի կարծիքը՝ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ։ Դեռ նախորդ շաբաթ՝ Հայրիկյանի հետ կատարվածից հետո, փետրվարի 1-ին Ազատության հրապարակում Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ պարտադիր է համարում ընտրությունների հետաձգումը։ «Ընտրություններն անպայման պետք է հետաձգվեն, և պետք է մինչ այդ փորձել գտնել՝ ո՞վ է դրա հեղինակը։ Դա շատ կարևոր է։ Իսկ ի՞նչ, եթե դա սարքած էր, բնականաբար, ինչ-որ մեկի կողմից։ Ես այն կարծիքին չեմ, որ պարտադիր կարգով իշխանությունն այդտեղ մասնակցություն չունի, այդ կարծիքին չե°մ»,- ասել էր Բագրատյանը։ Նա նաև նշել էր, որ եղել է Պարույր Հայրիկյանի մոտ և նրան հայտնել է իր այդ կարծիքը։

«168 Ժամի» հետ զրույցում՝ երեկ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հաստատեց, որ մնում է նույն կարծիքին, որ ընտրությունները պետք է հետաձգվեն։ Իսկ հարցին՝ արդյոք խոսե՞լ է Պարույր Հայրիկյանի հետ այն մասին, որ վերջինիս կողմից ՍԴ չդիմելու դեպքում ինքը կդիմի ընտրությունները հետաձգելու պահանջով, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Առանց մեկնաբանության»։

Ի դեպ, մենք նաև հետաքրքրվեցինք Հ.Բագրատյանից, թե նա Հայրիկյանի դեմ կատարվածը մահափորձ համարո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ամեն օր իրավիճակ է փոխվում, ես այս պահին դա էլ չեմ ուզում մեկնաբանել։ Բայց, իհարկե, կարծիքների փոփոխություն է տեղի ունենում, և բոլորովին այլ մտքեր կան, քան 5 օր առաջ»։

Նշենք, որ, չնայած այն հանգամանքին, որ Հրանտ Բագրատյանը չցանկացավ մեկնաբանել, թե արդյոք խոսե՞լ է Հայրիկյանի հետ, թե՞ ոչ, «168 Ժամի» տեղեկություններով՝ երեկ Բագրատյանն իսկապես խոսել է Հայրիկյանի հետ և դրել նման պահանջ՝ դիմելու ՍԴ։

Գործող նախագահի մրցակիցներից մյուսի՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ փորձեցինք ճշտել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ «ամեն դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում արդեն նշել է, որ եթե Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնի, ապա ինքը կենթարկվի դրան»։

Իսկ ի՞նչ կարծիք ունեն գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ։ Օրինակ՝ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «168 Ժամի» հետ զրույցում, ի պատասխան այս հարցին, ասաց. ՙԸնդհանուր առմամբ՝ մեզ համար այդտեղ որևէ խնդիր չկա՝ կերկարացվի՞, թե՞ չի երկարացվի, ավելի շատ պետք է հարցնեք Պարույր Հայրիկյանից, ոչ թե մեր թեկնածուից՚։

Գալուստ Սահակյանը նշեց, որ մյուս թեկնածուների խնդիրն է՝ կդիմե՞ն ընտրությունները հետաձգելու պահանջով, թե՞ ոչ։ «Մենք կոնկրետ վերլուծականներ չենք անում, ինչն օրենքով կնախատեսվի, այդպես էլ կշարժվենք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Հ.Գ. – Նյութի հրապարակման պահին Պարույր Հայրիկյանը դեռ չէր հայտարարել ՍԴ չդիմելու իր որոշման մասին

Տեսանյութեր

Լրահոս