Անդրիաս Ղուկասյանը պահանջում է իր պատկերը հանել Սերժ Սարգսյանի գովազդային հոլովակից
Երեկ ԿԸՀ-ն ստացել է ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի դիմումը: Այս մասին 168.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Դիմումն արդեն մուտքագրվել է, հանձնաժողովը կքննարկի այն, ինչից հետո դիմումը կքննարկվի նիստի ընթացքում»,- ասաց Հերմինե Հարությունյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով՝ հնգօրյա ժամկետում, կպատասխանի թեկնածուի դիմումին:
Հիշեցնենք, որ օրերս նախագահի թեկնածուն հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ, որովհետև Հանրապետական կուսակցությունն իր և իր համախոհների պատկերներն օգտագործում է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գովազդային հոլովակներում: «Սա մոլորություն է ստեղծում քաղաքացիների մոտ և կարող է տպավորություն ստեղծել, որ ես և իմ համախոհներն աջակից ենք հանդիսանում իշխող կուսակցության ղեվավարին: Ինչը գիտենք, որ այդպես չէ»,- նշել էր Անդրիաս Ղուկասյանը: