«Հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի». Հայրիկյան
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Հունվարի 31-ին ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34 և 305 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվել են օպերատիվ քննչական գործողություններ: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, մատնադրոշմային և այլ փորձաքննություններ: 2013 թվականի փետրվարի մեկին պետական լիազոր մարմնի որոշմամբ՝ Պարույր Հայրիկյանը սույն քրեական գործով ճանաչվել է տուժող»:
Լևոն Բաղդասարյանը նաև տեղեկացրեց. «ՀՀ հիմնական օրենքի 52, ինչպես նաև ընտրական օրենսգրքի 90 հոդվածների հիման վրա օրենսդիրը նախատեսում է, որ տվյալ դեպքում Պարույր Հայրիկյանի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգվում են երկշաբաթյա ժամկետով: Այս ժամկետում անհաղթահարելի խոչընդոտների չվերացման դեպքում նշանակվում են նոր ընտրություններ, ինչը Հայրիկյանը բացառում է: Նախագահի թեկնածու Հայրիկյանի նկատմամբ, թեպետև առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, բայց նա չի օգտվելու իր իրավունքից և չի դիմելու բարձր ատյան՝ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար»:
Բաղդասարյանը նշեց, որ մահափորձից մինչ օրս իրավապահ մարմինների աշխատանքն իրենք ընդհանուր առմամբ գնահատում են դրական: Լրագրողների հարցերին պատասխանեց նաև հենց ինքը՝ Պարույր Հայրիկյանը, ով անսպասելի ժամանեց ասուլիսի սրահ: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի թեկնածուներից մեկի այն պնդմանը, որ Դուք իշխանությունների հետ գործարքի մեջ եք մտել, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Ես բոլոր թեկնածուներին ասում եմ՝ թող վերցնեն իրենց տարիքն ու նայեն, թե Հայրիկյանն իրենց տարիքում ինչով է զբաղված եղել, հետո նոր հիմարություններ դուրս տան»:
Հայրիկյանն անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, ըստ որի՝ մահափորձը Ռուսական գաղտնի ծառայությունների կողմից է արվել. «Ռուսաստանում կան բազմաթիվ սադրիչներ, որոնք ձգտում են հայ-ռուսական հարաբերությունները փչացնել: Հենց այդ սադրիչներն էին, որոնք միջամտեցին Պարսկաստանից Հայաստան գազամուղի տրամագծի փոքրացմանը, այդ սադրիչներն էին, որ ժամանակին կազմակերպեցին Սումգայիթի ջարդերը, Արցախը վերցրին տվեցին Ադրբեջանին, հարձակվեցին ցեղասպանություն ապրած Հայաստանի վրա: Ես գնահատում եմ ռուսականի դրականը, բայց բացասականի մասին ևս պետք է խոսենք»:
Հայրիկյանը հավելեց, որ ցանկություն ունի, որ Հայաստանի հետ առնչվող բոլոր պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ապրենք արժեքային նույն համակարգով: «Նրանք, ովքեր հուզվում են իմ հիշեցումներից, որ ԿԳԲ-ն բազմիցս փորձել է ինձ սպանել՝ կարող են գտնել «Սովետսկայա Ռոսիա» թերթի 1987 թվականի մայիսի 10-ի համարը, որտեղ նյութ է տպագրվում, թե Հայրիկյանը մեր մարդն է՝ քողարկելու համար միջադեպը, և նույն օրը մահափորձ են անում»,- ասաց նա:
Անդրադառնալով լուրերին, թե հանցագործը վրիպել է, Հայրիկյանն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք մի դեպք, որ 25 սմ փամփուշտը մարմնով անցնի, և մարդը կենդանի մնա: Բայց դա չի նշանակում, որ դիմացինը սխալ էր արել: Ինքը ինչ անելու էր՝ արել է, ուղղակի ես Տիրոջ կամքով ողջ մնացի: Հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի: Երևի դեռ ինչ-որ բանով պետք է օգտակար լինեմ»: