«Սա ծրագրերի քարոզարշավ չէր, սա խղճահարության քարոզարշավ էր»

«Ինձ համար միևնույն է՝ կհետաձգվե՞ն այս ընտրությունները, թե՞ կանցնեն ամսի 18-ին, որովհետև մեր մարտավարությունը ցանկացած պարագայում իր ուղին ունի, բայց ինձ համար տարօրինակ կլինի, որ պարոն Հայրիկյանը գոնե երկու շաբաթով հետաձգելու դիմումով Սահմանադրական դատարան չդիմի: Ես դա չեմ հասկանա»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա նշել է, որ ինքը նման դեպքում կարող է ենթադրել, որ իշխանությունների կողմից ճնշումներ են եղել Հայրիկյանի նկատմամբ: Արման Մելիքյանը մասամբ համաձայնեց 168.am-ի այն դիտարկմանը, թե վերջին օրերին Պարույր Հայրիկյանն այնպիսի քարոզարշավ արեց, որի մասին շատ թեկնածուներ կերազեին, և իրականում նրա քարոզարշավը գործնականում չխանգարվեց:  «Ձեր ասածն, իհարկե, տրամաբանական է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կարգի քարոզարշավ եղավ: Սա ծրագրերի քարոզարշավ չէր, սա խղճահարության քարոզարշավ էր: Ես վստահ եմ, որ պարոն Հայրիկյանն այնքան կորովի անձնավորություն է, որ չէր  ցանկանա, որ իրեն խղճալով ընտրեին, և այդ պարագայում կցանկանար հանդես գալ հավասար հնարավորությունների դիրքերից: Այս քարոզարշավն իր համար քարոզարշավ չեմ համարում: Ես վստահ եմ, որ ինքն էլ է դա հասկանում»,- ասել է  նախագահի թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս