Սիրիական ընդդիմությունը երկխոսության կոչ է արել Բաշար Ասադին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը պատրաստ է երկխոսության մեջ մտնել երկրի իշխանությունների հետ: Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքի ղեկավար Ահմեթ Մուազ ալ-Հաթիբը իշխող վարչակարգին կոչ է արել դրականորեն պատասխանել իր նախաձեռնությանը և երկխոսություն սկսել՝ հանուն արյունահեղության դադարեցման:
Նա հավելել է, որ ընդդիմությանը նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսելուն մղում է Սիրիայում տիրող հումանիտար սարսափելի իրավիճակը՝ ընդգծելով, որ պետք է փնտրել ճգնաժամից դուրս գալու ելքեր, քանի դեռ Սիրիան չի կործանվել ամբողջովին:
Պաշտոնական Դամասկոսը դեռ չի արձագանքել երչկխոսելու կոչին:
Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է դա: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ եթե Ասադի վարչակարգը հետարքրված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա հակամարտող երկու կողմն էլ պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: