Րաֆֆի Հովհաննիսյանը «բռնացրեց» Քասախի գյուղապետին. մամուլ
«Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավը շարունակում էր Աշտարակում։ Մինչ այդ նա Քասախ գյուղում մի քանի հանդիպումներ ունեցավ, բարևեց անցորդներին, այցելեց գյուղապետարան։ Ուշագրավ էր գյուղապետ Արամ Մկրտչյանի հետ հանդիպումը։
Րաֆֆի Հովհաննիսյանը երաշխիք ուզեց, որ լինելու է ազատ, արդար ընտրություն։ Գյուղապետն էլ, բնականաբար, վստահեցրեց, որ այդպես էլ լինելու է։ Սակայն «Ժառանգության» առաջնորդը նկատել էր գյուղապետարանի նամակների փոստարկղում դրված Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանի» բուկլետները»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Գյուղապետի աշխատասենյակում ավելի «հետաքրքիր» դետալներ կային։ Գյուղապետն իր կողքին հայոց եռագույնը ծածկել էր ապահով Հայաստանի շարֆով՝ վզկապը բարձր դասելով եռագույնից։ Մեր այդ դիտարկմանը ի պատասխան՝ գյուղապետը արդարացավ, թե «բերել եմ՝ ձեոիս տակ լինի, լավ վզնոց ա»։ Նա վստահեցրեց, որ աշխատում է ՀՀԿ-ի օգտին, քանի որ հանրապետական է։ Մեր հարցին, թե քանի՞ տոկոս ձայն եք պարտավորվել ապահովել Քասախում, հրահանգ չի՞ իջեցվել, Արամ Մկրտչյանը պատասխանեց, որ ՏԻՄ ընտրություններին էլ նման հրահանգներ չեն լինում»»։