
Հասարակական կարծիքի վրա այս իշխանությունները թքած ունեն. Լևոն Զուրաբյան

«Խնդիրն ավելի խորն է և կայանում է նրանում, որ մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ համակարգը կառուցված է համաձայն ավազակապետական սկզբունքների: Այն խոշոր ձեռնարկատերերը կամ մենաշնորհատերերը, որոնք օգտվում են նախագահի և իշխանության կողմից տրված արտոնություններից, նրանցից իրականում չեն հարկում և չեն դնում բյուջեի բեռի տակ»,-galatv.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2013-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին «ՀՀ փոփոխված օրենքին, նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինիս դիտարկմամբ մեր երկրում հարկային բեռը հիմնականում ընկնում է փոքր և միջին բիզնեսի վրա.
«Քանի որ գոյություն ունի գողացող իշխանությունների հետ ապօրինի արտոնություններից օգտվող մենաշնորհատերերի սիմբիոզը, բոլոր նրանք, ովքեր դրանից դուրս են, հայտվում են այս ահավոր ճնշումների ներքո»,- ասում է պատգամավորը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի վերջնական տարբերակի մասին տեղյակ չեն եղել թե´ ոլորտի ներկայացուցիչները և թե´ Առողջապահության նախարարությունում, քանի որ ինչպես Դերենիկ Դումանյանն էր նշել, իրենց ներկայացված փաթեթի տարբերակն այլ բովանդակություն է ունեցել, Զուրաբյանն արձագանքեց.
«Եթե իշխանությունները ընտրված չեն ժողովրդի կողմից, նրանք ժողովրդին հաշվետու չեն: Հասարակական կարծիքի վրա այս իշխանությունները թքած ունեն: Նրանց քաղաքական ապագան, նրանց կարիերան կախված չէ ժողովրդի վերաբերմունքից և, բնականաբար, երբեք պատասխան չեն տալու ժողովրդին»: