Վթարի է ենթարկվել Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը
Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը վթարի է ենթարկվել: Մեր տեղեկություններով` փետրվարի 3-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանը` 43-ամյա Կոստյա Բուդաղյանը, վթարի է ենթարկվել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նա վթարի է ենթարկվել իր մեքենայով տուն գնալու ճանապարհին, մեկ այլ մեքենա հարվածել է նրա մեքենային: Վթարի հետեւանքով Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից NEWS.am-ի թղթացին հայտնեցին, որ նա կողերի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վաղը կամ մյուս օրը Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկանին կտեղափոխեն Կրծքային վիրաբուժության բաժանմունք, որտեղ, ի դեպ, այսօր տեղափոխել են հենց Պարույր Հայրիկյանին:
News.am