Անդրիաս Ղուկասյանին ձեռնտու է ընտրությունների հետաձգումը

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել էր, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելուց հետո նրա հանրաճանաչության ինդեքսը 50 տոկոսից բարձրացել է 80 տոկոսի և շրջանցում է անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանն, ասաց.

«Ահարոն Ադիբեկյանը, ցավոք, չունի վստահություն մեր հանրության մեջ: Նրա եզրահանգումները չեն ընկալվում՝ որպես օբյեկտիվ տեղեկություն: Նա ընկալվում է՝ որպես Բաղրամյան 26-ի ձայնը, որը մատուցվում է սոցիոլոգիական հարցումների տեսքով: Եվ, հավանաբար, սրանով պետք է հասկանալ, որ Բաղրամյան 26-ը կոչ է անում Պարույր Հայրիկյանին՝ չդիմել Սահմանադրական դատարան, չօգտվել իր իրավունքից: Ադիբեկյանի տեսակետը, կարծում եմ, Պարույր Հայրիկյանի վրա չի ազդի»,- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ընտրությունների հետաձգումն իր համար ևս ձեռնտու է: «Դրանից կշահի շարժումը: Դուք նայում եք զուտ առողջական տեսանկյունից, իսկ ես նայում եմ պայքարի տեսանկյունից ու վստահ եմ, որ դրանով շարժումը շահում է»,- մասնավորեցրեց նա:

Մեր հարցին, թե այսքան ժամանակ միայն Գալուստ Սահակյանն է Ձեզ այցելել, Ձեր պահանջները դեռ չեն բավարարվել, չե՞ք կարծում, որ իշխող կուսակցությունն ընդառաջ չի գնում Ձեր պահանջների բավարարմանը, թեկնածուն պատասխանեց. «Ես վստահ եմ, որ սակարկել ինձ հետ իմաստ չունի: Ուստի դրական եմ գնահատում, որ Գալուստ Սահակյանից բացի՝ ոչ մեկը չի փորձում բանակցություններ վարել: Սա դրական է: Սահակյանն իր մարդկային զորակցությունը ցուցաբերեց: Հասկանալի էր, որ դա քաղաքական մի նշան էր, որ իշխող կուսակցությունը ճանաչում, ընդունում է իմ պայքարը, պատրաստ է մրցակցել այն դաշտում, որը ես եմ ստեղծել: Իրենք՝ որպես իշխող կուսակցություն, հասկանում են, թե իմ հաղթանակն ի՞նչ հետևանք ունի իշխող կուսակցության համար: Սակարկությունների խնդիր չկա. ես և ՀՀԿ-ն տարբեր արժեքային համակարգեր ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս