Կենդանիների միջոցով բուժում Երևանի կենդանաբանական այգում

Երևանի Կենդանաբանական այգում անիմաթերապիայի` կենդանիների միջոցով բուժման կիրառման նախագիծ կա. այժմ այգին փնտրում է դոնորների, ովքեր ներդրումներ կանեն նախագծի համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Նման նախագծերը հնարավոր չէ այգու միջոցներով իրականացնել, որովհետև այգու միջոցները շատ սուղ են: Այնքան անելիք կա այստեղ, բավականաչափ շատ, որ այգին չի կարող կուտակել ինչ-որ գումար, որպեսզի նման նախագծեր անի: Դրա համար այն նախագծերը, որոնք հրատապության կարգավիճակ չունեն կենդանու առողջության, անվտանգության և մարդկանց համար, դրանց մասով փորձում ենք գտնել դոնորներ, կազմակերպություններ, որոնք պատրաստ են ներդրում կամ նվիրատվություն անելու»,-  ասաց նա: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքով`նախագիծը ներկայացվել է նաև սփյուռքահայ կազմակերպությունների, և այժմ սպասում են արձագանքի:

Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ անիմաթերապիայի կիրառման դեպքում աուտիզմով, դաունի և այլ հիվանդություններով տառապող երեխաները հնարավորություն կունենան շփվելու կենդանիների հետ. այդ շփումը մեծ օգուտ է տալիս երեխաներին:

Ռուբեն Խաչատրյանը նաև նշեց, որ համապատասխան մասնագետներ այժմ Հայաստանում չկան. «Պետք է ուղարկենք այլ երկրներ, որպեսզի մասնագիտանան, գան և կարողանան աշխատել երեխաների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս