Մի քանի ռեկորդ՝ Դևիսի գավաթի Շվեյցարիա – Չեխիա խաղում
Երեկ Դևիսի գավաթում գրանցվել է մի քանի ռեկորդ։ Շվեյցարիայի և Չեխիայի հավաքականների միջև զույգերի խաղում թիմերը կորտում անցկացրել են 7 ժամ 1 րոպ, իսկ խաղը բաղկացած է եղել 91 գեյմից։ Գեյմերի նման արդյունքը ռեկորդ է Դևիսի գավաթի մրցաշարում։ Մինչ այդ ամենաշատ՝ 78 գեյմանոց հանդիպում անցկացրել էին պերուացիներ Կարլ դի Լաուրա/Խոսե Լուիս Նորյեգա և բրազիլացիներ Մաուրո Մենես/Ֆերնանդո Ռոյես զույգերը։ Այդ խաղը տեղի էր ունեցել 1991 թվականին։
Բացի այդ, երեկ գերազանցվել է նաև խաղի տևողության ռեկորդը։ Նախորդ ռեկորդը կայացել էր Արգենտինա – Ռուսաստան խաղում (Դավիդ Նալբանդյան/Լուկաս Արնոլդ Կեռ – Եվգենի Կաֆելնիկով/Մարատ Սաֆին) և կազմում էր 6 ժամ 20 րոպե։
5-րդ սեթն առանձին վերցած նույնպես ամենաերկարն էր. խաղացվել է 46 գեյմ։ Նախորդ ամենաշատ գեյմերով սեթը գրանվել էր 1957-ին։ Այն ժամանակ խաղացվել էր 44 գեյմ։
Երեկվա խաղը, որին մասնակցել են Թոմաշ Բերդիխը, Լուկաշ Ռոսոլը, Ստանիսլաս Վավրինկան և Մարկո Կյուդինելին ավարտվել է չեխերի հաղթանակով 6:4, 5:7, 6:4, 6:7, 24:22 անհավանական հաշվով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը