Պերիս Հիլթոն. «Ես գեղեցկուհի չեմ, բայց…» (լուսանկարներ)
Պերիս Հիլթոնն այն աստղերից է, ում հասարակության մեջ դուրս գալը բուռն ալիք է առաջացնում: Նա, ըստ էության, աստղ է դարձել՝ առանց որևէ բան անելու, նրա մասին ասում են՝ «տուսովկաների աղջիկ», քանի որ սիրում է տարբեր հավաքույթների մասնակցել: Բոլորը ցանկանում են նրա հետ ընկերանալ, նրա վստահությանն արժանանալ, իսկ նրա լուսանկարները միշտ տպագրվում են ամենաթանկ ամսագրերի շապիկներին: Եթե անկեղծ լինենք, ապա Պերիս Հիլթոնը չունի երկնային գեղեցկություն, որով կարողանար միանգամից հիպնոսացնել, ընդհակառակը, նրա արտաքին տվյալների մեջ տպավորիչ ոչինչ չկա: Ամեն դեպքում Պերիս Հիլթոնը կիսվում է այն խորհուրդներով, որոնք կիրառում է հասարակության վրա վառ տպավորություն թողնելու համար:
Կազմվածքը: Պերիս Հիլթոնը նշում է, որ իր սլացիկ կառուցվածքը գենետիկորեն է ժառանգել, բայց նույնիսկ նման դեպքում պետք է հետևել կառուցվածքին: Իսկ ի՞նչ պետք է անել կազմվածքը պահպանելու համար: Անհրաժեշտ է շաբաթական 6 ժամ պարել, ոտքով շատ քայլել, առավոտյան վազել կամ այցելել ֆիթնես ակումբ և, որ ամենակարևորն է. «Ձեր ափսեի 2/3-ը հատկացրեք մրգերին և բանջարեղենին»,- ասում է նա: Իսկ ինչ վերաբերում է դիետաներին, ապա Պերիս Հիլթոնը դրանք հազվադեպ է օգտագործում և չի քննարկում: Ըստ Պերիս Հիլթոնի` պետք չէ դիետաները քննարկել, քանի որ դա ցույց է տալիս, որ չես կարողանում արտաքինիդ հետևել, և պետք չէ քեզ ցույց տալ բացասական կողմից:
«Ես գեղեցկուհի չեմ,- հաստատում է Պերիս Հիլթոնը,- բայց ես գիտեմ բնության տված իմ դրական կողմերը, որոնք ամեն կերպ ընդգծում եմ: Եթե Դուք էլ նույնն անեք, ապա շրջապատի աչքին ավելի գեղեցիկ կերևաք: Կանգնեք հայելու առաջ և ուշադիր նայեք Ձեր արտաքին տվյալներին, որպեսզի հասկանաք, թե ի՞նչը պետք է ընդգծել, և ի՞նչը` թաքցնել: Այնուհետև ընտրեք Ձեր գունային գամման` այն գույները, որոնք Ձեզ համապատասխան կլինեն և տեսանելի կդարձնեն: Մի մոռացեք դիմել դիմահարդարողին, որպեսզի նա ճիշտ դիմահարդարման շնորհիվ Ձեր դեմքն ավելի երիտասարդ և նուրբ դարձնի: Պետք չէ կուրորեն հետևել նորաձևությանը, հագեք այն, ինչ Ձեզ է սազում, և մի դիմահարդարվեք հնդկական ցեղերի նման:
Նորաձևություն: «Հասարակության առջև երևալուց առաջ ես կրում եմ ամենանորաձև իրերը, քանի որ իմ ելքը միշտ շոու է: Իսկ հետո, երբ տուն եմ գալիս, զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ կարողացել այդ անսովոր բարձրակրունկ կոշիկների վրա կանգնել: Դա իմ աշխատանքն է, և այդ իրերը ես չեմ գնում: Դրանք ինձ տալիս են դիզայներները: Իսկ նրանք, ովքեր չեն ընկերանում դիզայներների հետ և լրագրողների լուսանկարներից հեռու են, ապա նրանց խորհուրդ չեմ տալիս նորաձևության վերջին ճիչ համարվող իրեր գնել: Չէ՞ որ դա գումարի անիմաստ կորուստ է, և հետո՝ մարմնի համար մեծ անհարմարության զգացում: Պետք է գումար ծախսել հարմարավետ, բայց նորաձև կոշիկների, լավ կոսմետիկայի, պայուսակների, աքսեսուարների վրա: Միատոն զգեստին կարելի է շքեղություն տալ` կրելով նորաձև պայուսակ, կոշիկներ և տեսանելի ապարանջան: Հարկավոր է զգեստը ճիշտ ներկայացնել, քանի որ դու կարող ես կրել ամենաշքեղ զգեստը, բայց, եթե կոշիկներն ու պայուսակը համահունչ չեն զգեստին, ապա ոչ մի տպավորություն չեք կարող թողնել հասարակության վրա:
Օգտակար խորհուրդներ Պերիս Հիլթոնից.
- Գնեք Ձեզ համար երկնագույն լինզաներ: Կարծում եք՝ այդ երկնագույն աչքերն ի՞մն են:
- Դիմեք միայն լավ վարսահարդարի: Առանց ճիշտ սանրվածքի՝ մնացած ամեն ինչ անիմաստ է:
- Երբեք մի՛ ծխեք: Ծխող կինը երբեք չի կարող լինել գեղեցիկ:
- Սովորեք գեղեցիկ ժպտալ: Դա այն միակ բանալին է, որը կարող է բացել բազում սրտերի կողպեքները:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ