Բաժիններ՝

Այսօր Ռուսաստանում նշում են Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակը

BBC-ի փոխանցմամբ` այսօր Ռուսաստանում նշում են Ստալինգրադի ճակատամարտի հոբելյանական 70-ամյակը: Այդ կապակցությամբ Վոլգոգրադը ժամանակավորապես կստանա իր նախկին անվանումը` Ստալինգրադ: Քաղաքը 1925 թվականին Ցարիցինից վերածվել է Ստալինգրադի, ինչը պահպանվել է մինչև 1961 թվականը, երբ վերանվանվել է Վոլգոգրադի:

Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակի կապակցությամբ քաղաքում պլանավորված են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև զորահանդես: Պլանավորված է նաև խորհրդային 18 հրետանային սարքերից հրավառություն: Այդ միջոցառումներին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել նաև գերմանացի մի շարք վետերաններ, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչներ:

Ստալինգրադի ճակատամարտը տևել է 200 օր, խորհրդային բանակը հաղթանակ է տարել գերմանական զորքերի նկատմամբ, ինչը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջադարձային կետերից մեկը: Պաշտոնական տվյալներով` այդ ճակատամարտում զոհվել է մոտ մեկ միլիոն մարդ:

Ճակատամարտը մղվել է 100.000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, երկու կողմից դրան մասնակցել է 2 միլիոն մարդ, 2000 տանկ, ավելի քան 2000 ինքնաթիռ, 26.000 հրանոթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս