Նախագահի նախկին թեկնածուն դժգոհում է ՀՀ վարչապետի պատասխանից (տեսանյութ)
Այսօր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում նախագահի չգրանցված թեկնածու Պավլիկ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տալիս իշխանությունները: «Այդ հարցը Աստծուն են տալիս»,- պատասխանեց ՀՀ վարչապետը:
«Այսինքն դուք իշխանության ներկայացուցիչ չե՞ք»,- հարցը շարունակեց Պ. Սարգսյանը: Ի պատասխան վարչապետը հավելեց. «Իշխանությունը օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները պետք է կատարի, որ երաշխավորի անվտանգությունը»: Նա նաեւ պատասխանեց նախագահի նախկին թեկնածուի վերջին հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն է վարչապետը զգում. «Մեծ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Իր հարցերի պատասխաններից, սակայն, նախկին թեկնածուն գոհ չմնաց: «Ինչպես միշտ՝ վարչապետը պատասխան չունի: Երբ նախագահը իրեն դիտողություն էր անում վատ աշխատանքի համար, նա կառավարությանն ասում էր՝ այս ի՞նչ է ասում նախագահը, չե՞ք լսում: Նրա անձնական պատասխանատվությունը երբեք չեմ տեսել: Հարցնում եմ երաշխիքներ ունե՞նք, էլ բեթարը չլինելու համար, ասում է՝ Աստծուն հարցրու: Ի՞նչ գործ ունի Աստված այստեղ, երբ նրանք իրենց պաշտոնական պարտականությունները չեն կատարում»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց նախագահի նախկին թեկնածուն: