«Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը»

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ: Դատապարտելով կատարվածը` ՀԴԿ-ն նաև համոզմունք է հայտնում, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները կօգտագործեն զազրելի հանցագործությունը շուտափույթ բացահայտելու, կազմակերպիչներին ու կատարողին խստագույնս պատժելու համար:

«Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը:

Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և հրահրել խառնաշփոթ, բնական հունից հանելու նախագահական ընտրությունների ընթացքը:

Բարձր գնահատելով մեր քաղաքական գործընկերոջ` Պարույր Հայրիկյանի ներդրումը պետականաշինության, ժողովրդավարացման ասպարեզում գտնում ենք, որ նրա դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով»,-մասնավորապես ասված է ՀԴԿ Հանրապետական խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս