Նախագահական ընտրություններին ոսկե քաղաքներ չե՞ն լինելու
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց ՀՀ գործող նախագահի գլխավորությամբ խորհրդակցությունը: ՀՀԿ կենտրոնական գրասենյակի բակում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
168.am-ի հարցին, թե այսօր ՀՀԿ խորհրդակցության ժամանակ քննարկվե՞լ է ընտրությունները հետաձգելու հարցը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ընտրությունների հետաձգելու խնդիրը բնորոշիչ է միայն Սահմանադրական դատարանին, որևէ այլ օղակ այդպիսին չկա»:
Իսկ մեր դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարվածի համար մեղադրել է իշխանություններին, որոնք պարտավոր են կարգ ու կանոն հաստատել երկրում, Գ. Սահակյանը նշեց. «Ճիշտն ասած, ես նման հայտարարություն չեմ լսել Բագրատյանից:
Կարծում եմ՝ ինչ-որ մի բան այն չէ հայտարարությունների մեջ և պիտի նաև մտածենք հետևյալը, որ նորանկախ Հայաստանի հենց սկզբում նման իրողություններ տեղի ունեցան, և այս պահին, փաստորեն, այս միջադեպը սենսացիոն դարձավ, իսկ այն ժամանակ, երբ Հրանտ Բագրատյանն էր, երբեք սենսացիաների չէին գնում»:
168.am-ի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս դեպքը չի վկայում, որ դեռևս հեռու ենք գործող նախագահի ուղերձից` «Դեպի ապահով Հայաստանից» , ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց. «Այսինքն`դուք մտածում եք` նախագահական ընտրություններից հետո ոսկե քաղաքնե՞ր են լինելու: Դա գործընթաց է, ընդհանուր գործընթաց է ապահով ապագան, և միայն նախագահի կամ մեր ցանկությունը չէ, այլ ամբողջ ժողովրդի ցանկությունն է: Հենց դրանում եմ ասում, որ եթե այս անգամ գոնե մարդիկ բոլորն իրենց դնեն տուժողի տեղում և բացահայտումներ լինեն, կարծում եմ` գնալով այս գործընթացները կմարեն մեր պետության ներսում»:
Իսկ նկատառմանը, թե արդյո՞ք այդ միջադեպը չհակասեց ուղերձին, Գ. Սահակյանը նշեց, «Դա անհեթեթություն է, որովհետև ապահով Հայաստանը ոչ Հանրապետական կուսակցության ձեռքում է, ոչ էլ մեր թեկնածուի: Ապահով Հայաստանը կերտում են ուղղորդողները գնում են առջևից և հասարակությունը պիտի գնա հետևից, որպեսզի ստեղծենք ապահով Հայաստան»: