
«Նախընտրական շրջանում նման աղմկոտ միջադեպը չի կարող ձեռնտու լինել նաև իշխանությանը». Գրիգոր Հարությունյան

ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ կատարված մահափորձը նախկինում չբացահայտված, քաղաքական սպանությունների և դրա հետևանքով երկրում ձևավորված անպատժելիության մթնոլորտի հետևանքն է:
Գրիգոր Հարությունյանը դատապարտել է տեղի ունեցածը և կարծիք հայտնել, որ մահափորձը քաղաքական երանգ ուներ: «Չբացառելով ոչինչ, այնուամենայնիվ, Պարույր Հայրիկյանին ՝ չեմ կարծում, որ անձնական թշնամիներ կունենա: Երկրորդը՝ քաղաքականության հետ կապված մարդուն առնչվող գործողությունները քաղաքական պետք է լինեն»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գրիգոր Հարությունյանը: Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ո՞ւմ էր այն ձեռնտու: Ըստ ընդդիմադիր գործչի՝ նման աղմկոտ միջադեպը նախընտրական այս շրջանում չի կարող ձեռնտու լինել նաև իշխանությանը, սակայն դա չի նշանակում, որ կատարվածի համար իշխանությունը պատասխանատվություն չի կրում:
Գրիգոր Հարությունյանն ասել է , որ չի այցելել Պարույր Հայրիկյանին, քանի որ կարծում է՝ այս շրջանում հիվանդին հանգիստ է պետք, և անհրաժեշտ է այցելությունները սահմանափակել: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունները հետաձգելուն, ապա Գրիգոր Հարությունյանն այն համոզման է, որ դա պետք է որոշվի Սահմանադրության և օրենսդրության շրջանակում՝ հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը: