«Չեմ կարծում, որ ընտրությունների հետաձգումը մասնակիցներից որևէ մեկին օգուտ կտա»
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միջադեպն առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապ չունի, և մյուս թեկնածուները չեն կարող շահագրգռվածություն ունենալ այդ հարցում: Նա բացառեց, որ հայաստանյան ուժերից որևէ մեկը կարող էր նման գործողություն կատարել՝ հաշվի առնելով, որ արագ կբացահայտվի, թե ով է դրա ետևում կանգնած: «Այնպես որ, հակված եմ դա փնտրել այդ շրջանակից դուրս: Հիմա, թե դրսում ո՞վ է, ի՞նչ քաղաքական ուժ է, ես չեմ կարող ենթադրություններ անել»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը: Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ միայն Ազգային անվտանգությունը կարող է տալ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Հարցին, թե որքա՞ն արագ կլինի ԱԱԾ-ի կողմից բացահայտումը, Կարապետ Ռուբինյանը պատասխանել է, թե դժվար է նման հույս փայփայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, Հայաստանում Ազգային անվտանգություն չկա:
Կարապետ Ռուբինյանը նաև նշել է, որ մահափորձն արդեն իսկ բիծ է ընտրությունների վրա: «Այդ բիծը կարող է մեծանալ, կարող է փոքրանալ: Կփոքրանա, եթե ինչ-որ հրաշքով արագ բացահայտվի: Ընտրությունների հետաձգումը ևս, չեմ կարծում, որ մասնակիցներից որևէ մեկին օգուտ կտա: Եթե Պարույր Հայրիկյանը հնարավորություն ունենա շուտափույթ ապաքինվել և թեկուզ հիվանդանոցից ընտրարշավը շարունակի, կարծում եմ՝ ընտրությունները հետաձգելու իմաստ չի լինի»,- նշել է ԱԺ նախկին փոխնախագահը: