Ազատ Արշակյան. «Ոչ ոք չգիտեր, որ Նաիրի Հունանյանը մտնելու է Ազգային ժողով և գնդակահարելու է այդ պետական գործիչներին»

«Իմ կարծիքով՝ դա մոլագարի աշխատանք է՝ անկախ նրանից, թե ինչ մոտիվացիա է ունեցել այդ մարդը:  Ես կարծում եմ, որ թիրախներից մեկն էլ իշխանությունն է, որովհետև ՀՀ նախագահի հավակնորդը պետության կողմից պետք է լուրջ պաշտպանված լինի: Թիրախավորվում են հատկապես ուժային կառույցները, ովքեր պարտավոր են ապահովել ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև՝ պաշտոնյաների անվտանգությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը: Հիշեցնենք, որ դեռևս 1970-ականներին՝ Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) գործունեության ակտիվ շրջանում, գաղտնի կուսակցության ղեկավար խորհրդի կազմում են եղել Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Հակոբջան Թադևոսյանը։

Ազատ Արշակյանը, ով նաև Պարույր Հայրիկյանի մանկության ընկերն է, համոզված է, որ  նրա վրա կրակել՝ նշանակում է՝ հայկական պետականությանն ուղղված քայլ անել: Արշակյանի խոսքով՝ պետության շինարարին ոչնչացնելը նշանակում է՝ պետությունը ոչնչացնել:  Նախկին քաղբանտարկյալի կարծիքով՝ հայկական պետության քաղաքացիները, անկախ իրենց կարգավիճակից, չէին կարող շահել դրանից, որովհետև Հայրիկյանի գործունեությունը պետականաշեն էր, եթե նույնիսկ ոմանք նրա հետ համաձայն չէին:

«Ես չեմ տեսնում այն ուժը, որը շահագրգռված կլիներ Հայրիկյանի մահով կամ իշխանության և պետության վարկաբեկումով: Այդպիսի բացահայտ ուժ  ես  չեմ տեսնում: Իսկ եթե կան թշնամիներ, և դրանք ընդհատակում են, ապա ես դրանց մասին չգիտեմ: Ոչ ոք չգիտեր, որ Նաիրի Հունանյանը մտնելու է Ազգային  ժողով և գնդակահարելու է այդ պետական գործիչներին: Եթե որևէ մեկն իմանար՝ դա տեղի չէր ունենա»,- կարծիք հայտնեց Ազատ Արշակյանը:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շատ արագ կապաքինվի և կանցնի իր գործին: «Ճանաչելով Հայրիկյանին՝ ես կարող եմ ասել, որ փամփուշտը կրծքին՝ նա կարող է ընտրարշավ անել»,- ասաց Պ. Հայրիկյանի մանկության ընկերը:

Տեսանյութեր

Լրահոս