Բաժիններ՝

Արամ Հարությունյան. «Սա լավ պլանավորված սցենար է»

«Քաղաքական մահափորձերը երբեք միարժեք չեն լինում: Էդպես չի, որ մի նպատակ է լինում: Ես վստահ եմ, որ սա լավ պլանավորված սցենար է, թե ո՞ւմ կողմից՝ ժամանակը ցույց կտա, բայց միարժեք չէ,  թե ում կողմից է: Ես կարող եմ ինչ-որ բան մտածել, բայց այս պահին որևէ բան չեմ ուզում ասել, որովհետև ժամանակը և հետաքննությունը ցույց կտա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Բանախոսի կարծիքով՝ գիշերը կատարված մահափորձը փոխել է  ընտրությունների իրավիճակը: Ա. Հարությունյանը նաև նշել է, որ հիմա նույնիսկ այն թեկնածուներն, ովքեր քարոզարշավ էին իրականացնում և ներկայացնում էին իրենց ծրագրերը, մի տեսակ անհարմար վիճակի մեջ են հայտնվել: Արամ Հարությունյանը կարծում է, որ ճիշտ կլինի նոր ընտրությունների անցկացումը՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞ւմ է ձեռնտու, կամ ո՞վ կտուժի դրանից: «Եթե նախագահի թեկնածուն պաշտպանված չէ՝ ի՞նչ է նշանակում՝ ապահով Հայաստան: Սա նշանակում է, որ Հայաստանում իրավիճակը տխուր է՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞վ է դրա ետևում կանգնած»,- ասել է թեկնածուն:

Արամ Հարությունյանն ասել է, որ գիշերն այցելել է Պարույր Հայրիկյանին, տեղեկացել է  նրա վիճակի մասին:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանն օրեր առաջ հրապարակավ դիմել էր Պ. Հայրիկյանին՝ կոչ անելով հանել իր թեկնածությունը: «Պարույր Հայրիկյան, ես  ձեզ միշտ դիմել եմ՝ Պարույր Հայրիկյան, այսօր, որպես հարազատ մարդ, դիմում եմ՝ Պարույր: Պարո՛ւյր, քո համար ամենամեծ ձեռքբերումն  անկախությունն էր, ԱԻՄ-ն էր, քո լավագույն ստեղծածը  Մովսես Գեորգիսյանն էր, քո լավագույն աշակերտը՝ քեզնից, Մովսեսից հետո, Արամ Հարությունյանն է, որի դեմ սարսափած են: Ես քո լավագույն աշակերտն եմ: Պարո՛ւյր, նրանք նախանձում են քո կենսագրությանը, դու կենդանի լեգենդ ես, մի խառնվիր այդ վայրի ցեղերին: Պարո՛ւյր, հանի՛ր թեկնածությունդ, այս իշխանությունը քեզ պետք է կենդանության օրոք հերոսի կոչում տա: Պարո՛ւյր, գրելու են մի պատմություն, որտեղ նշվելու է, թե դու Լֆիկ Սամոյի զինվորն ես եղել: ԱԻՄ-ը արժեք է, մի փչացրու ԱԻՄ-ը, Սերժի խաղերը մի խաղա, ԱԻՄ-ականներն այսօր շփոթված են: Դու այսօր կենդանի լեգենդ ես: Ես պարզապես խնդրում եմ` մի մխտռվի սրանց հետ: Այսօր դու միակ մարդն ես Հայաստանում, ում կենսագրության պես ոչ մեկս չունի: Ես այսօր քո լավագույն զինվորն եմ»,- ասել էր Հայրիկյանի աշակերտը՝ Արամ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս