
Վախճանվել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

2013թ. փետրվարի 1–ի առավոտյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը:
Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24–ին` Երևանում: 1959թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995թ. , երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ–ի ոսկե շքանշանի:
ՀՀ նախագահը և ԼՂՀ նախագահը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են /2009 թ./ Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:
Ենգիբարյանի 80–ամյակին նվիրված տոնական արարողությունն անցած տարի նշվել է Երևանում, իսկ բռնցքամարտի դպրոցն անվանակոչվել է Վլ. Ենգիբարյանի անունով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3–ին, ժամը 14–ին հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ –ում:
SportArmenia-ն ցավակցում է Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին աշխարհահռչակ մեր մարզիկի մահվան կապակցությամբ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը