Անդրիաս Ղուկասյան. «Եթե այդ ոճրագործությունն իր նպատակին հասներ՝ պետք է նշանակվեին նոր ընտրություններ»

Հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23:30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված «Ինքնորոշում Միավորում» ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: 168.am-ի լրագրողների հաղորդմամբ՝ այս պահին Պ. Հայրիկյանը քնած է, հանգստանում է և չեն թույլատրվում այցելությունները: Պ. Հայրիկյանին տեսակցելու եկած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի կարողացել զրուցել նրա հետ: Թեկնածուն, սակայն, պատասխանել է լրագրողների հարցերին.

«Սա պետականության և բարոյականության դեմ կատարված հանցագործություն էր: Մեր ունեցած տեղեկությունների հիման վրա դեռ վաղաժամ է հետևություններ անելը: Բոլոր դեպքերում, ընտրությունների ընթացքի վրա հետևանք ունեցող գործողություն է սա: Բնականաբար, եթե այդ ոճրագործությունն իր նպատակին հասներ՝ պետք է նշանակվեին նոր ընտրություններ: Նշանակում է, որ կան քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված չեն նման զարգացումների մեջ և գրեթե անհավանական եմ համարում, որ սա անձնական հողի վրա կատարված իրադարձություն էր, քաղաքական հողի վրա կատարված իրադարձություն էր: Եթե չեմ սխալվում՝ նման գնահատական հնչել է նաև պաշտոնյաների կողմից: Փառք Աստծո, որ Պարույր Հայրիկյանի առողջությունը թույլ է տալիս, որպեսզի այսօր վստահ լինենք, որ նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Հուսով եմ, որ շուտով նա կվերականգնվի»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղի ունցածը իշխանությունների դեմ էր ուղղված, Ա. Ղուկասյանն արձագանքել է. «Ես չեմ կարող նման կարծիքը կիսել, որովհետև դեռ տեղեկությունները շատ քիչ են: Քիչ ինֆորմացիա կա և սխալ դատողություններ կարող են լինել: Հուսամ, որ այս հարձակումը չի մնա անպատիժ, ինչպեսև նման շատ գործողությունները: Ես գտնում եմ, որ իրավապահները շատ կարճ ժամկետներում պետք է բացահայտեն այս հանցագործության կազմակերպիչներին, կատարողներին»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կբացատրի Ա. Ղուկասյանն այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի՝ նախագահական երկու ընտրությունների ժամանակ արյուն է թափվել, ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլի մեջ գտնվող Ա. Ղուկասյանը պատասխանել է. «Դա շատ բացասական երևույթ է, հանրության վրա շատ բացասական հետք է թողնում, և, իհարկե, նման իրադարձությունների դեպքում պետության նկատմամբ վստահությունը նվազում է»:

Ա. Ղուկասյանի կարծիքով՝ ՀՀ նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգվելը կամ շարունակվելը պայմանավորված կլինի Պ. Հայրիկյանի որոշմամբ:

Տեսանյութեր

Լրահոս