Հայրիկյանին վիրահատում են
168.am-ի թղթակիցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանին քիչ առաջ հիվանդանոցի առաջին հարկի վիրակապարանից տեղափոխեցին Վերակենդանացման բաժանմունք: Հիվանդանոցի բակում են ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բազմաթիվ պատգամավորներ:
Հայրիկյանին վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին ոստիկանության հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ: Ոստիկաններն այս պահին չեն թողնում Պ. Հայրիկյանի մոտ Վերակենդանացման բաժանմունք բարձրանա նրա քրոջ որդուն: «Կարո՞ղ ա ուզում եք գլուխն ուտեք, որ չեք թողնում քրոջ տղան բարձրանա»,-հավաքված ժողովուրդը արձագանքում էր ոստիկանների արգելքին: Ի վերջո, քրոջ որդուն ներս թողեցին: Այս պահին Պարույր Հայրիկյանին վիրահատում են
Հիշեցնենք, որ ժամը 23:00-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դեպքի վայրում են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, և 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ, գետնին ընկած է եղել բանալիների տրցակ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ դուրս գալով հիվանդանոցից՝ 168.am-ի թղթակցին հայտնել է. «Բժիշկներն ասացին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:Նա գիտակցության է եկել: Պարույր Հայրիկյանի նկատմամբ աջ ուսից մի կրակոց է եղել: Աղոթենք Պարույր Հայրիկյանի առողջության համար»: