Պոլսահայ համայնքին է վերադարձվել հայկական գերեզմանատան սեփականության վկայականը
Hye Tert-ի (Հայ թերթ) փոխանցմամբ՝ Ստամբուլի Ենիքյոյ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին վերադարձվել է նույնանուն եկեղեցու գերեզմանատան սեփականության վկայականը: Հիմնադրամը տվյալ հարցով Կրոնական հիմնադրամների տնօրինությանը դիմել էր 2011 թվականի հունվարի 1-ին:
Դրա պատասխանը ստացվել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին, որում նշված էր, որ Սարըյեր շրջանում գտնվող այդ գերեզմանատունը վերադարձվում է Ենիքյոյ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին: Նշվում է, որ վերջին 70-80 տարիներին այդ գերեզմանատունը ոչ մի կերպ չի օգտագործվել և նրանում հուղարկավորություններ չեն կատարվել:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ստորագրած հրամանագրով նախատեսում էր 1936 թվականին քրիստոնյաներից ու հրեաներից բռնազավթված գույքը (հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ ու գերեզմանոցների տարածքներ) վերադարձնել ազգային փոքրամասնություններին: