
Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը

Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և բարձր գնահատելով Երևանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում քննարկել նաև մետրոյի ընդլայնման հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իրենց հերթին, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքներից, վստահեցրել են, որ պատրաստակամ են համագործակցության ընդլայնմանը:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ևս իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցություն ունենալ հեռանկարային այս ծրագրի քննարկմանը: Կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն