Թուրքիայի նոր սահմանադրության նախագիծը կարող է դրվել հանրաքվեի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է նոր Սահմանադրության վրա տարվող աշխատանքներն ավարտել մինչև ընթացիկ մարտի վերջ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը.
«Ես ցանկանում եմ, որ աշխատանքներն ավարտվեն մինչև մարտի վերջ: Եթե չհաջողվի հասնել ընդդիմության հետ համաձայնությանը, ապա մենք Սահմանադրության նախագիծը կուղարկենք հանրաքվեի»:
Էրդողանի համար առաջնահերթ է համարվում նոր Սահմանադրության ընդունումը, նա և նրա գործընկերները գտնում են, որ գործող Սահմանադրությունը հնացել է և չի արտացոլում ժամանակակից իրողությունները:
Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:
Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման համար տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա այդ ուղղությամբ։