
Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք կանի Ազատության հրապարակում

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ նախագահի միակ թեկնածուն է, ով նախընտրական քարոզարշավի շրջանակում Ազատության հրապարակում հանահավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը և նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ փետրվարի 16-ին՝ժամը 12:00-17:00, , նախագահի թեկնածուն հնարավորություն կունենա հանդիպել ընտրողների հետ: Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ այդ հանրահավաքով էլ, ամենայն հավանականությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը կամփոփի նախընտրական քարոզարշավը:
Այն հարցին, ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել նախընտրական քարոզարշավի վերջին հանդիպումը Ազատության հրապարակում անցկացնել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ազատության հրապարակը տևական ժամանակ խորհրդանշական է համարվում,առավել ևս 2013թ-ի փետրվարին լրանում է արցախյան ազատամարտի 25-ամյակը»: Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ հանրահավաքի վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ինչպիսի նշանակություն և դերակատարություն ունեցավ այդ հրապարակը: «Ազատության հրապարակը խորհրդանիշ դարձել է 1988թ-ին, 2008թ-ը ընդամենը 88թ-ի շարունակությունն էր»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը: