Բաժիններ՝

Բրիտանացիները ԱԻՆ-ում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխդեսպան Էմիաս Մորսը։ Հանդիպման հիմնական նպատակն էր վերականգնել ՀՀ ԱԻ նախարարության և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցությունը սկսվել է 2006 թվականին։ Այդ ծրագրի շրջանակներում բրիտանացիները սարքեր էին տրամադրել ՀԱԷԿ-ի շուրջ 5 և 10 կմ շառավղով ճառագայթային մոնիթորինգ իրականացնելու համար։

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, հնարավորությունները և գործընկերներին։
– ԱԻ նախարարը նաև խնդիր է դրել սերտացնել համագործակցությունը դեսպանատների հետ` ապահովելու համար նրանց անձնակազմի և աշխատակիցների ընտանիքների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,- նշեց Ս. Ազարյանը։

Փոխդեսպան Մորսի խոսքերով` իրենց այցը մեծ համագործակցության առաջին քայլն է.
– Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար և տեսնում ենք, որ սա լուրջ, կայացած կառույց է։ Մենք մեծ կարևորություն են տալիս այս հանդիպմանը և շահագրգռված ենք սերտ համագործակցություն ծավալել ԱԻ նախարարության հետ։

Տարածաշրջանի անվտանգության հարցերով պատասխանատու Ջիմ Հոլը նշեց, որ համատեղ վարժանքների կազմակերպումն ու գործողությունների պլանների մշակումը շատ օգտակար կլինի իրենց համար։

Բրիտանացի հյուրերը եղան նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի առաքելությունը, կառուցվածքը, տեխնիկական զինվածությունն ու «911» արագ արձագանքման ծառայությունը։

Հանդիպան ավարտին փոխդեսպան Մորսը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար` նշելով, որ իրենք չափազանց տպավորված են կատարված աշխատանքով և պատրաստակամ համագործակցելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս