Պատկերացրեք, ես չլինեի այս ընտրարշավում՝ ի՞նչ էր լինելու՝ մեկը երգելու էր, մեկը՝ քամի էր անելու, մեկը ձնագնդի էր խաղալու

«Պատկերացրեք, ես չլինեի այս ընտրարշավում՝ ի՞նչ էր լինելու՝ մեկը երգելու էր, մեկը՝ քամի էր անելու, մեկը ձնագնդի էր խաղալու: Իսկ ես ասում եմ էն, ինչ բոլորդ գիտեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Նախագահի թեկնածուն դարձյալ շեշտեց, թե հիմնական ընդդիմադիր թեկնածուներ ներկայացող Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանն իրենց գործողություններով և ընտրապայքարի մեջ մտնելով ընդամենը դեկորացիայի մաս են կազմում: Արամ Հարությունյանը պնդում է, թե բոլորովին էլ նեղացած չէ, որ այսպես կոչված՝ եռաթեկնածուներն իրեն չեն դիմել՝ միանալու իրենց հայտարարությանը:

Արամ Հարությունյանի խոսքով, իր համար պարզապես տարօրինակ է, որ հայտարարության հեղինակները չեն դիմել նախագահի թեկնածու Արման Մելիքյանին, ով առաջինն էր բարձրացրել էր հայտարարության մեջ շոշափված խնդիրը՝ Հայաստանից հեռացած ընտրողների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Իրենք իրենց առանձնացնում են և ցույց են տալիս, որ հիմնական խաղացողներն իրենք են: Բայց թող երեքով մի հատ միտինգ անեն, Ազատության հրապարարակը լցնեն»,- ասաց Արամ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Նրա կարծիքով, եթե անգամ այս թեկնածուները միավորվեն, որևէ դրական տեղաշարժ չի լինի, կավելանա ընդամենը մեկ դեկորացիա: Արամ Հարությունյանը հայտարարարեց, որ ինքը պատրաստ է բանավիճել եռաթեկնածուների հետ: «Ես պատրաստ եմ բանավիճել բոլորի հետ: Պարույր Հայրիկյանի հետ պատրաստ եմ բանավիճել իր բանաձևի շուրջ, Հրանտի հետ բանավիճեմ իր կառավարման տարիների հետ կապված, Րաֆֆի հետ մի քիչ դժվար է, բայց թեմա կգտնեմ բանավիճելու: Պատրաստ եմ նաև Սերժ Սարգսյանի հետ բանավիճել, բայց, իհարկե, բոլորը գիտեն, որ դա սուր ճոճել է, Սերժ Սարգսյանը չի գալիս»,- հայտարարեց նախագահի թեկնածուն:

Արամ Հարությունյանը համոզված է, որ  նախագահի թեկնածուներից ազնիվ մղումներ ունեն Վարդան Սեդրակյանը, Անդրիաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս