Մեզ մարդ է պետք, որը ձեռքը խփի սեղանին և ասի՝ էսօրվանից ատկատ չենք անում, էսօրվանից փող չենք լվանում

«Նախագահին պատիվ չի բերում վարունգի թեմայով բաներ ասել, մանավանդ որ հայկական բանահյուսությունը շատ հարուստ է վարունգի թեմայով առածներով: Դրա  համար ես կոչ եմ անում բոլոր ապագա նախագահներին, որ չմոռանան, ի վերջո, իրենք մի օր նախագահ չեն լինելու և կարող է մի սահմանամերձ գյուղում բանջարաբոստանային կուլտուրանների մշակմամբ զբաղվեն»,- այսօրվա ասուլիսում ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հայտարարեց, որ ազդվել է նախագահի մեկ այլ  թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի որոշ դրվագներից: Արամ Հարությունյանի համար տպավորիչ էին հատկապես հունվարի 28-ին Եռաբլուրում մուրացիկ կնոջ և Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչի հետ Սերժ Սարգսյանի  հանդիպումները: Արամ Հարությունյանի խոսքով, անընդունելի է, որ նախագահը «խորդուբորդով» է խոսում գյուղացու հետ և դեռ մի բան էլ նեղանում, թե ինքը չէ մեղավոր, որ գյուղացու որդիները լքել են հայրենիքը:

Ըստ նրա՝ այս ամենի համար մեղավոր է նաև Սերժ Սարգսյանի շրջապատը: Ի տարբերություն Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի, որն իր կողքին գիտնականների էր հավաքել՝ Սերժ Սարգսյանն, Արամ Հարությունյանի կարծիքով, բոլորովին այլ շրջապատ ունի:

Նախագահի թեկնածուն պնդեց, թե իր միակ ցանկությունն այն է, որ նախագահը չլինի մի քանի հոգու նախագահ, չլինի ՀՀԿ-ի նախագահ կամ իրեն կցված օլիգարխների նախագահ: «Այսօր մեզ պետք է ուժեղ նախագահ, մարդ, որը յուրաքանչյուրի նախագահն է: Մեզ մարդ է պետք, որը ձեռքը խփի սեղանին և ասի, որ էսօրվանից ոչ մեկը կաշառք չի վերցնում, էսօրվանից ատկատ չենք անում, էսօրվանից փող չենք լվանում»,- ասաց Արամ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Թեև նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը զգուշացրել էր մրցակիցներին, որ չքննադատեն իրար և իր անունը չտան, Արամ Հարությունյանը դարձյալ հիշեց Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիները և պնդեց, որ Հայաստանի փրկությունը Հրանտ Բագրատյանի տնտեսական ծրագիրը չէ:

Հիշեցմանը, թե Հրանտ Բագրատյանը կոչ է արել թեկնածուներին իրեն չքննադատել, Արամ Հարությունյանը պատասխանեց, թե ինքը Հրանտ Բագրատյանին չէր քննադատի, եթե վերջինս իրենց տանը նստեր և քաղաքական գործունեությամբ չզբաղվեր: Իսկ իր քննադատությունն էլ, Արամ Հարությունյանը բնորոշեց որպես շոկային թերապիա:

Տեսանյութեր

Լրահոս