Բաժիններ՝

Վրաստանում համաներմամբ ազատված վեց քրեական հեղինակություններին հարկադրել են 24 ժամում լքել երկիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վրացական բանտերից ազատ է արձակվել վեց քրեական հեղինակություն: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն, քրեական հեղինակությունները չեն կարող գտնվել ազատության մեջ՝ մնալով Վրաստանի տարածքում: Այդ պատճառով համաներման տակ ընկած բոլոր 6 քրեական հեղինակություններին ստիպել են ազատության մեջ հայտնվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, լքել երկրի տարածքը:

Գիորգաձեն հավելել է, որ նրանք վաղուց էին գտնվում ազատազրկման մեջ և համաներումը վերաբերել է նաև նրանց: Գիորգաձեի խոսքերով՝ նրանք ունեցել են երկու ընտրություն. կա՛մ նրանք պետք է լքեին Վրաստանը, կա՛մ էլ նրանց պատժաժամկետը պետք է երկարաձգվեր՝ համաձայն գործող օրենքի: Քրեական հեղինակություններն ընտրել են առաջին տարբերակը:

Նշվում է, որ հունվարի կեսերին հայտարարված համաներման արդյունքում բանտերից ազատ է արձակվել 3000-4000 բանտարկյալ:

Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում:

Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան դատապարտելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս