Հրանտ Բագրատյանը ռեֆորմատոր մարդ է. Վարդան Բոստանջյան

«Սերժ Սարգսյանի ծրագիրը մյուս թեկնածուների կողմից ներկայացված ծրագրերից առանձնանում է իր համալիրությամբ՝  անկախ այն հանգամանքից, որ որոշակի քանակական, օբյեկտիվ ցուցանիշներ ներկայացված չեն: Բայց բոլոր սկզբունքային, կոնցեպտուալ  ուղղություններով տրված զարգացումները դեռևս այն ուղղություններն են, որոնք  Հայաստանի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիներին պետք է ուղենիշ լինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա նշեց, որ կարդացել է թեկնածուներից չորսի՝ Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի ծրագրերը, և համարում է, որ տնտեսական մասով առավել հագեցած են Սերժ Սարգսյանի և Հրանտ Բագրատյանի ծրագրերը:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը քննադատում են՝ ասելով, թե այն, ըստ էության, նախորդ ծրագրի կրկնությունն է, Վարդան Բոստանջյանը համաձայնեց: Ըստ նրա՝ նմանություններ ունեն այս և նախորդ նախագահական ընտրություններին ներկայացրած  ծրագրերը, սակայն նա պնդեց, թե կրկնությունն արդարացված է:

«Դրանք խնդիրներ են, որոնք օբյեկտիվ պատճառներով չկարողացանք հինգ տարիների ընթացքում կատարել, և այդ առումով նոր բան պետք չէր բստրել: Այն, ինչ ասել ենք՝ հնարավոր չի եղել իրականացնել, և հիմա պետք է փորձենք ևս մեկ անգամ: Նախկինում բարձրացված հարցերը երկրի կարևորագույն հարցերն էին, հետևաբար՝ պետք է դրանք լինեին, անկախ նրանից՝ դա որևէ մեկը կհամարի կրկնությո՞ւն, թե՞ ոչ»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Կարդացեք նաև

Խոսելով նախկին վարչապետ, նախագահի թեկնածու  Հրանտ Բագրատյանի  նախընտրական ծրագրից՝ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ թեկնածուն սոցիալ-տնտեսական բազմաթիվ կարևոր առաջարկներ է անում: Վարդան Բոստանջյանը Հրանտ Բագրատյանի ծրագրից առանձնացրեց նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու,  գյուղացիական վարկավորման խնդիրները:

«Հրանտ Բագրատյանը բազմաթիվ կետեր է առաջարկել, և դրանք ոչ միայն խոսքեր և ցանկություններ են, այլ նաև թվային մատերիալներ: Նրա առաջարկներն իրատեսական են: Ընդհանրապես մենք պետք է հասկանանք մեկ բան. անկախ այն բանից՝ Բագրատյանը կստանա մե՞կ ձայն, թե՞ բազմաթիվ ձայեր, նա պրոֆեսիոնալ անձնավորություն է, ռեֆորմատոր մարդ է:  Ի տարբերություն շատերի՝ մարդն ունի հստակ մոտեցումներ»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է  Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի ծրագրերի տնտեսական հատվածին, ապա դրանք, ըստ Վարդան Բաստանջյանի, լուծման հստակ մեխանիզմներ չեն առաջարկում:

Տեսանյութեր

Լրահոս