Ապրելու համար միշտ էլ մեկ օր է տրվում, իսկ հաջորդ օրերը թաքնվում են գաղտնիքի պատյանի մեջ
Հունվարի 28-ի գիշերը Կապանում իր տանը մահացել է գրականագետ, բանասիրության դոկտոր, փիլիսոփա Վաչե Եփրեմյանը: Նա հայտնի է իր բանաստեղծական ժողովածուներով, հրապարակախոսություններով և պատմվածքներով: «168 Ժամը» ցավակցում է Եփրեմյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Ներկայացնում ենք Վաչե Եփրեմյանի հեղինակած «Կոկտեյլ՝ դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքը, որը 2012թ. ճանաչվել էր լավագույն պատմվածք:
ԿՈԿՏԵՅԼ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ՈՎ ԿԱՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
«Այդ օրը կեսգիշերին Ժամանակն ավարտվելու էր: Տասներկու տարի խոսում էին դրա մասին, հոդվածներ ու գրքեր էին տպագրվում, ավագ դպրոցի դասատուները աստղագետների ու պայծառատեսների բմբուլները քամուն էին տալիս, հավատում-չէին հավատում, հավատալու դեպքում հեգնանքն անպակաս էր, երբ չէին հավատում, ապա հառնում էր Կարմիր Պրոֆեսուրան գերազանցությամբ ավարտածի բութ, տապարով շինված դեմքը… ժողովուրդն իրոք չէր հավատում: Ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ առավոտյան Հեղինակը հեռուստաելույթ ունեցավ և հաստատեց, որ կեսգիշերին Ժամանակն ավարտվելու է: Շատերն անմիջապես նետեցին իրենց ժամացույցները, որ մնացյալ ժամանակը հավերժություն թվա, ոմանք էլ կանգնեցրին ժամացույցի սլաքները, որ ստեղծվի այն տպավորությունը, թե հավերժություն ասվածը մեկ օրն է որ կա: Ապրելու համար միշտ էլ մեկ օր է տրվում, իսկ հաջորդ օրերը թաքնվում են գաղտնիքի պատյանի մեջ: Ասել է թե`մարդիկ միշտ մեռնում են հաջորդ օրը:
Հեղինակի ելույթից հետո Երկրի սովորական մարդիկ չիմացան` շփոթվե՞ն, թե՞ շարունակեն թիթեռավայել կյանքը: Քիչ հետո ուշքի եկան և որոշեցին երեխաներին հեռու պահել հնարավոր խառնաշփոթից: Հոգեվարք ապրող ժամանակից անտեղյակ երեխաներն էլ շարունակեցին ամենօրյա ծլվլոցով տունտունիկ կամ քարկտիկ խաղալ, քաշքշել իրար մազերից, ավազե կոլոլակներ շպրտել անդուր անցորդների վրա: Որ երեխաներն իրոք անտեղյակ էին, հասկանալի եղավ այն պահին, երբ բակում խաղացող երեխաներից մեկը գլուխը թեքեց իրենց պատշգամբի կողմը և ծղրտաց` «մա~ա~ա~մ, սոված ե~ե~ե~մ»…
Պատշգամբների բազրիքներին կռթնած, պատուհանագոգերին հենված` երեխաների խաղին հետևող ծնողներն, ըստ երևույթին, ավելի խաղաղ էին, քան նախորդող տասներկու տարվա ընթացքում: Այլևս հարկ չկար մտածելու, թե երեխան մեծանա` ի՞նչ է դառնալու, մինուճար աղջիկը ո՞ր օլիգարխի թոռան հետ ամուսնանա, որ կյանքը դրախտին նմանվի, այլևս չէին ջղայնանում բալիկների` երեք օր առաջ գնված հագուստի ցեխոտվելուց… Երեխաներն այլևս իրենց ապագան չէին: Ապագան այլևս չէր լինելու:
Կյանքն անսպասելի մաքրվել էր ձևականություններից. հարևանին տրաքացնելու ծածուկ բաղձանք փայփայել, ուրիշի կնկա վրա աչք տնկել, ընտանեկան ալբոմը խցկել հյուրերի գիրկը… Անգամ անհասկանալի քաղաքագետներն ու անչափ հասկանալի քաղաքական գործիչները դադարեցրին գլոբալ հարցադրումներ պարունակող բանավեճերը, որոնք իրականում միշտ էլ ուղղված էին անձնական կենցաղի բարելավմանը, նույնիսկ նրանք հասկացան, որ արդեն ոչ մի նշանակություն չունեն ինքնորոշման իրավունք, անկախություն, տարածքային ամբողջականություն և նման կարգի բաները: Պարզվեց` դրանք ապագայի չլինելու դեպքում կատարյալ անհեթեթություններ են: Մի խոսքով` Սերն ու Ամոթը վերադարձան ամենքին:
Սակայն տարօրինակ բաներ էլ տեղի ունեցան: Հավերժությունից իրոք գլուխ հանողները, ոգևորված երեխաների անվրդով խաղերից, շարունակեցին իրենց «քաղաքակրթական արշավանքը». Երկրի նոտարը շնչասպառ համոզում էր մի քաղաքացու, որ վերջինիս սեփականացրած հողատարածքը օրինականացնելու համար անհրաժեշտ է էսքան գումար` առանց մուծման անդորրագրի, Երկրի դասախոսն իր գրած կուրսային աշխատանքը փորձում էր սաղացնել ուսանողի վրա առասպելական վճարով, Երկրի կթվորուհին թաքուն ջուր էր խառնում կաթին… Այս դեպքերում Սերն ու Ամոթը նորից էին վերանում ամենքից…
Կեսօրին երկնքից երեք դիվերսանտ իջան: Առաջինը խփվեց սահմանապահների արձակած գնդակից: Երկրորդը սարսափած նորից երկինք ելավ: Երրորդ դիվերսանտը բարեհաջող վայրէջք կատարեց և սկսեց գոռգոռալ.
– Կամ ի´նձ փրկեք, կամ պարաշյուտս:
Հայտնվեց Երկրի գնդապետը, մի քանի պտույտ արեց դիվերսանտի շուրջը և կայացրեց իր վճիռը.
– Դու հեչ, այ պարաշյուտդ ազգին պետք կգա հաստատ:
Ցավալին այն էր, որ հետո պարզվեց իսկությունը` դիվերսանտները մերոնք էին և ընդամենը նորմատիվներ էին հանձնում:
Երեխաները սրանից էլ էին անտեղյակ, քանի որ այդ պահին նրանք հանդիպում էին երկու մանկագրի հետ, որոնք ներկայացան Գրիմ Արած Եղբայրներ անունով: Սրանք երեխաներին նախ` ներկայացրին մի չլսված-չտեսնված հեքիաթ, հետո` բառախաղի ցնցող օրինակ: Ահա հեքիաթը. «Լինում է, չի լինում, մի անտառապահի տնակ է լինում: Հետո պարզվում է, որ անտառում երբեք անտառապահ չի եղել: Բա էդ տնակը ո՞վ էր շինել…»:
Անսպասելի ձյուն տեղաց, և Գրիմ Արած Եղբայրներն առիթից օգտվելով հորինեցին մարդկությանը հայտնի ամենափայլուն բառախաղը.
– Այս ձյունը նույն ձյունն է, որ պոկվել է գույնի ձայնից կամ էլ հույնի բույնը քանդող սյունից:
Հետո չգիտես ինչու մանկագիրներն արտաբերեցին խորհրդավոր խրատը.
– Բառախաղերը ձեզ միշտ պետք են գալու:
… Մեծ Ժամանակն ավարտվում էր իր ձևով, պատմական Ժամանակն էլ դադարելու ինքնուրույն ճանապարհ էր ընտրել. անցավ տարբերակը ետ դառնալով սրբագրումներ անելու մեջ էր: Եվ սկիզբ առավ պատմական կառնավալը: Իշխանաց կղզում կարմիր քամին համառորեն չէր բարձրանում, և Սամվելն անհամբեր նայում էր ծովի ալիքներին: Երկար սպասելուց հուսահատված շրջվեց և ի~նչ տեսնի` դիմացը կանգնած էր հայրը` մերկացրած սուրը ձեռքին: Սամվելը հորը վերադարձրեց վաղուց հայտնի բնորոշումը` «Համբա´կ»: Հայրը ժպտաց, նրա ժպիտի մեջ պարզ ընթեռնելի էր «Ամեն անգամ հո քո´ բախտը չի բերելու» արտահայտությունը: Ժպտաց, ժպտաց ու սուրն անվրդով մխրճեց նախկին հայրենասերի կուրծքը: Այ ա´յս պահին բարձրացավ կարմիր քամին և ցրիվ տվեց պատմավեպի ծամծմված էջերը: Մատենադարանի մոտ հավաքված ամբոխի միջից լսելի եղավ` «Արժանի~ էր»:
Մի ուրիշ Երկրում կայսրն ու իր մերձավորները համոզում էին «ռսացած մոնղոլին» մնալու և ռուզիկների կայսրություն չգնալու: Սա էլ ժամեր տևած քաշքշուկից հետո շշնջաց` «համոզեցիք»: Ցարն անմիջապես ետ վերցրեց իր հրաժարականը և շարունակեց զբաղվել լուսանկարչությամբ:
Նույն Երկրում զավեշտական բեղերով մարդը կոնդիցիոներ էր տեղադրում գազախցիկում, իսկ հայտնի փիլիսոփան էլ շարունակում էր խնամել իր միակ խնձորենին…
Կարծեմ` մի անգամ ասել եմ` ապագայից խուսափելու կամ նրան հաղթելու ելքը հավերժությունը չէ, այլ Վերադարձը Սկզբին: Ինչքան հեռանում ես ապագայից, այնքան նա հուսահատվում է: Օդանավակայանում վեց հոգի փորձում էին ճշտել Եգիպտոս թռիչքի ժամը, սակայն ապարդյուն, քանի որ և´ իրենք էին նետել ժամացույցները, և´ օդանավակայանի տնօրենությունն էր ազատվել ավելորդ շռայլությունից…
Այլևս ժամանակ չկա, բացի դրանից, թանաքը վերջանում է, աչքերիս լույսը քիչ-քիչ մարում, այնպես որ ավարտում եմ այս տարօրինակ տարեգրությունը: Ձեռագիրը փաթաթում եմ գլանաձև, տեղավորում շշի մեջ: Եթե որևէ մեկը հայտնաբերի քառածալ թուղթ, ուրեմն դա բնօրինակը չէ»:
Երբ Երկրի ձեռագրագետը հեռուստադիտողներին ներկայացրեց շշից հանած 144 տարվա հնություն ունեցող քառածալ ձեռագիրը, հանկարծ հայտնվեց Հեղինակը և ուղիղ հերարձակումով Երկրի բնակիչներին հաղորդեց.
– Վաղը, դեկտեմբերի 21-ին Ժամանակն ավարտվելու է…
Շատերն անմիջապես նետեցին իրենց ժամացույցները, որ մնացյալ ժամանակը հավերժություն թվա, ոմանք էլ կանգնեցրին ժամացույցի սլաքները…